Շալվա Պապուաշվիլին և պատգամավորներն այցելել են Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին
Շալվա Պապուաշվիլին և պատգամավորներն այցելել են Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորների հետ միասին այցելել է Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին։

Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով դադարեցված չվերթների պատճառով ուկրաինացի ուխտավորները, ովքեր Վրաստան էին եկել եկեղեցիներ, վանքեր և սրբավայրեր այցելելու համար, չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Նրանց տեղավորումը հյուրանոցում ապահովել է Վրաստանի կառավարությունը։

Շալվա Պապուաշվիլին, Լևան Իոսելիանին, Մակա Բոճորիշվիլին և Գիվի Միքանաձեն խմբի անդամների հետ զրուցել են Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Խորհրդարանի նախագահը վերահաստատել է Վրաստանի անսասան աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Պատգամավորները Վրաստանի խորհրդարանի անունից հյուրերին նվերներ են հանձնել։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։