Շալվա Պապուաշվիլին ցավ է հայտնել Նոդար Նաթաձեի մահվան կապակցությամբ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ցավ է հայտնել Նոդար Նաթաձեի մահվան կապակցությամբ։
«Վրաստանի խորհրդարանի անունից խորը ցավ եմ հայտնում Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի անդամ, Վրաստանի երրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, լեզվաբան և հասարակական գործիչ պարոն Նոդար Նաթաձեի մահվան կապակցությամբ։
Նոդար Նաթաձեն 1990-1991 թվականներին եղել է Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, 1992-1995 թվականներին՝ Վրաստանի 3-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։ Նա 1991 թվականի ապրիլի 9-ին ընդունված Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին ակտը ստորագրողներից է։
Նոդար Նաթաձեն իր գիտական և լրագրողական աշխատություններով զգալիորեն հարստացրել է Վրաստանի ակադեմիական հասարակությունը։
Վրաստանի խորհրդարանի անունից իմ ցավակցությունն եմ հայտնում պարոն Նոդար Նաթաձեի ընտանիքին, ընկերներին և հարազատներին»,- նշված է Պապուաշվիլիի ցավակցական հեռագրում։
93 տարեկանում մահացել է գրականագետ, լեզվաբան, Վրաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Վրաստանի անկախության վերականգնման մասին ակտը ստորագրողներից Նոդար Նաթաձեն։