Շալվա Պապուաշվիլի. ԵԱՀԿ-ն ինքը պետք է հոգ տանի սեփական հեղինակության շտկման մասին, որքանով կշտկի իր հեղինակությունը, այնքանով էլ կլինի սերտ համագործակցություն

15:07, 15.07.2026

Շատ վատ է, երբ ԵԱՀԿ-ն խուսափում է պատասխանատվությունից։ Հենց խորհրդարանական վեհաժողովները որպես քաղաքական զենք օգտագործելու նկատմամբ աչք փակելն է մեզ հասցրել նրան, որ միջազգային կազմակերպությունները և, ի վերջո, կանոնների վրա հիմնված միջազգային կարգը քայքայվել են, – այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևով ԵԱՀԿ-ն հարված է հասցրել վրաց ժողովրդի աչքերում սեփական հեղինակությանը։

«Նրանք նույն կերպ աչք էին փակում անարդար վերաբերմունքի, միջազգային կազմակերպությունները որպես քաղաքական զենք օգտագործելու վրա, և մենք հասանք այնտեղ, որտեղ կանք այսօր. այսօր պատերազմներն այնպես են սկսվում, որ ոչ ոք չի հարցնում որևէ կազմակերպության, և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիմնված չեն միջազգային իրավունքի վրա։ Ուստի, առաջին հերթին, սա մեծագույն անպատասխանատվություն է։ Եվս մեկ անգամ՝ այս բանաձևով և դրա նկատմամբ արձագանքով ԵԱՀԿ-ն հարված հասցրեց սեփական հեղինակությանը վրաց ժողովրդի աչքերում։ ԵԱՀԿ-ն շատ անելիքներ ունի վրաց ժողովրդի աչքերում այդ հեղինակությունը վերականգնելու համար։

Ընդհանրապես, բանաձևը լավ օրինակ է այն բանի, թե ինչ է նշանակում միջազգային կազմակերպությունները քաղաքական զենքի վերածելը։ Այդ պատճառով էլ այսօր, փաստորեն, բոլոր միջազգային կազմակերպությունները կորցրել են իրենց գործառույթը, դրանք կցորդներ են, որտեղ տարբեր խմբերի կողմից տեղի է ունենում քաղաքական մաղձի արտահայտում և սեփական ներքաղաքական դիսկուրսի պարտադրում»,- նշել է Շալվա Պապուաշվիլին։

Ինչ վերաբերում է բուն բանաձևին, Պապուաշվիլիի գնահատմամբ՝ ԵԱՀԿ-ն այդ բանաձևով կեղծել է իր իսկ եզրակացությունը։

«Մի բան գրված է ընտրական եզրակացության մեջ, մեկ այլ բան՝ բանաձևում։ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի այս եզրակացությամբ ևս մեկ անգամ պարզվեց, որ նման հսկայական խորհրդարանական վեհաժողովն իջել է Ջո Ուիլսոնի՝ մի սովորական լոբբիստի մակարդակի։ Այնպես որ, սա արժեքներից հեռու բանաձև է, որը խարխլել է վրաց ժողովրդի աչքերում ԵԱՀԿ-ի նկատմամբ վստահությունը»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Շալվա Պապուաշվիլիի պարզաբանմամբ՝ Վրաստանի իշխանությունները բաց են բոլորի հետ համագործակցության համար, սակայն ԵԱՀԿ-ն ինքը պետք է հոգ տանի սեփական հեղինակության շտկման մասին։

«Մենք բոլորի նկատմամբ ունենք այն վերաբերմունքը, որ բաց ենք համագործակցության համար, բայց երբ մի կողմից վնասում են իրենք իրենց, այստեղ մենք անզոր ենք. եթե վրաց ժողովրդին ցույց են տալիս, որ գտնվում են վրաց ժողովրդի նկատմամբ թշնամաբար և ոչ բարեկամաբար տրամադրված խմբերի ազդեցության տակ, այստեղ մենք նրանց ոչնչով չենք կարող օգնել։ ԵԱՀԿ-ն, առաջին հերթին, ինքը պետք է հոգ տանի սեփական հեղինակության շտկման մասին։ Որքանով կշտկի իր հեղինակությունը, այնքանով էլ կլինի սերտ համագործակցություն։ Կվնասի՞ իր հեղինակությունը։ Ո՞րն է մեր շահը՝ սերտ ու առանձնահատուկ հարաբերություններ ունենալ այն մարդկանց ու խմբերի հետ, որոնց միակ նպատակն է ամեն տեսակ մեքենայություններով վնասել մեր ժողովրդին»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Ի գիտություն՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից Վրաստանի վերաբերյալ պատրաստված քննադատական բանաձևը։ Վրաստանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քվեարկությանը և ի նշան բողոքի լքել է նիստերի դահլիճը։

Նմանատիպ