Շալվա Պապուաշվիլի. Ամեն տարի մենք լսում էինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ, գուցե դա միմետիկ կամ չարամիտ էր՝ երկիրը տխրեցնելու, անիրատեսական ընկալում ստեղծելու համար

12:13, 19.12.2025

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լրագրողներին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, հստակ նշել են՝ անգամ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային ասել են, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը հնարավոր չէ։

Պապուաշվիլու խոսքով՝ սա ցավալի իրողություն է. ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով սկսված պատերազմից հետո Ուկրաինային ու մյուսներին ասում են, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի էլ պատրաստվում ընդլայնվել։

«ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու և երբեք էլ չի պատրաստվել ընդլայնվել – սա փաստացի ասվել է Բորիս Ջոնսոնի շուրթերով։ Ուկրաինան չորս տարի պայքարում է, այդ թվում՝ իր ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունքի համար, իսկ հիմա՝ այս պատերազմի վերջում, ասում են, որ նման նպատակ երբեք չի էլ եղել», – ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հնչել է, թե Ուկրաինան և Վրաստանը միանշանակ կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ։

«Բուխարեստի գագաթնաժողովից հետո՝ 2008-ից ի վեր, մենք ամեն տարի լսել ենք, որ դուռը բաց է, և Ուկրաինան ու Վրաստանը անպայման կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ։ Ամեն տարի Ուկրաինային ասում էին՝ կլինես, կլինես, կլինես անդամ։ Հիմա պարզվեց՝ իրականում երբեք չեն էլ ցանկացել ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ։ Դա կարելի է երկու կերպ բացատրել՝ մի կողմից՝ միամտություն, որն ինչ-որ արևմտյան քաղաքական գործիչ կարող էր ունենալ։ Մյուս կողմից՝ դա կարող է դիտվել որպես վնասաբերություն՝ քաջալերել երկիրը, ստեղծել տպավորություն, ինչպես հաճախ անում են եվրոպական ֆինանսավորմամբ ՀԿ-ները և որոշ եվրոպացիներ, թե՝ դուռը բաց է, գրեթե ներսում ես, պատրաստ ես մտնել, և այդ խաբուսիկ խթանով երկիրը գնում է էսկալացիայի, ինչպես դա արեց Սաակաշվիլին 2008-ին, ինչպես նաև տեսանք Ուկրաինայում՝ բազմիցս։

Վերջում, երբ պատերազմը սկսվեց, ոչ մի ՆԱՏՕ-ական զինվոր չկանգնեց մարտի դաշտում։ Ահա ճշմարտությունը, որը մենք այսօր կրկին հստակ տեսնում ենք։ Սա ցավալի իրականություն է։ Իրականում՝ նոր բան չկա։ Մեզ՝ վրացիներիս, փրկում է մեր բազմադարյա պատմությունը, որովհետև աշխարհաքաղաքականությունը միշտ այսպես է աշխատել։ Պարզապես որոշ ժամանակ գեղեցիկ փաթեթավորմամբ էին մեզ մատուցում այդ երևակայական իրականությունը, որն իրականում գոյություն չուներ», – նշել է նա։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը անցած շաբաթ Բերգենի համալսարանում՝ Հոլբերգի դեբատների ժամանակ, հայտարարել էր. «Ես մասնակցել եմ ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր կարևոր հանդիպումներին 2016-ից մինչև 2022 թվականը և երբեք նույնիսկ նվազագույն հնարավորություն չի եղել Ուկրաինայի անդամակցության, քանի որ նման առաջարկն անմիջապես կհանդիպեր Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների վետոյին»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ նշել է, որ ուղիղ հարցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հնարավո՞ր է արդյոք Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչին Բայդենը պատասխանել է՝ «Ոչ, դուք ՆԱՏՕ-ի անդամ չեք լինելու»։

Նմանատիպ