Շալվա Պապուաշվիլի․ Սաակաշվիլին մի մարդ է, ով վրացական անձնագիրը փոխարինել է այլ երկրի անձնագրով, գործ ունենք կրկեսի հետ, և որքան նկատում եմ, այս կրկեսին իրենք իսկ վերջ կտան

18:15, 08.07.2026

Չեմ կարծում, թե Վրաստանն ունի Ուկրաինայի քաղաքացու կողմից քաղաքական դաշտում կանոններ սահմանելու և քաղաքական դաշտը վերաբաշխելու կարիք։ Սա դեռ առանձին խնդիր է և, ընդհանուր առմամբ, լիակատար պրոֆանացիա այն ամենի, ինչը կոչվում է հայրենիք ու քաղաքացիություն,– Սերբիայում վրացի լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիին հարց են ուղղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման վերաբերյալ, որտեղ Սաակաշվիլին «Ազգային շարժմանը» առաջարկում է ընտրել ժամանակավոր կառավարման մարմին, ստեղծել բարեփոխիչների խորհուրդ, որի նախագահը կլինի ինքը, իսկ Նանուկա Ժորժոլիանին՝ գործադիր քարտուղարը։

Պապուաշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլին մի մարդ է, ով վրացական անձնագիրը փոխարինել է այլ երկրի անձնագրով, իսկ այսօր դեռ խոսում է Վրաստանում քաղաքական գործընթացներին մասնակցելու մասին։

«Հիշեցնեմ, սա մի մարդ է, ով մոռացել էր վրացերենը և ասում էր՝ ինձ հետ ուկրաիներեն խոսեք, դատարանում թարգմանիչ էր պահանջում։ Ահա թե ինչպիսի կրկեսի հետ գործ ունենք։ Այս կրկեսին, որքան նկատում եմ, իրենք իսկ վերջ կտան, իսկ եթե ոչ իրենք՝ համոզված եմ, Սահմանադրական դատարան մեր ներկայացրած հայցը, որը լիովին հիմնավորված է։ Այս հակասահմանադրական, հակավրացական, հակազգային միավորումը պետք է ավարտվի։ Հենց դա է գլխավորը։ Անթույլատրելի է, որ Վրաստանում գործի հակասահմանադրական, երկրի դավաճանության վրա հիմնված մի խմբավորում, որն իրեն քաղաքական կուսակցություն է անվանում և որը երկրում միայն մի բան է արել՝ ստեղծել է դիկտատուրա, երկրի տարածքի մի մասը հանձնել է օկուպանտ երկրին»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Նմանատիպ