Սևաստոպոլում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների և տեղի բնակիչների վրա, զոհվել է չորս մարդ
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բռնակցված Սևաստոպոլի Խմելնիցկոյե գյուղում զինծառայողը կրակ է բացել ծառայակիցների և տեղի բնակիչների վրա։ Արդյունքում չորս մարդ զոհվել է, իսկ մի քանիսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է բռնակցված քաղաքի այսպես կոչված ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։
Նրա տեղեկացմամբ՝ սկզբում զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա։ Արդյունքում մեկ զինվոր զոհվել է, իսկ երկրորդը՝ վիրավորվել։ Այնուհետև հարձակվողը վիրավորել է ևս երեք հոգու և սպանել երեք քաղաքացիական անձանց՝ երկու տղամարդու (59 և 71 տարեկան) և 64-ամյա մի կնոջ։
Ռազվոժաևի հայտարարությամբ՝ հանցագործը ձերբակալված է, իսկ վիրավորներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։
Դեպքի այլ մանրամասներ, այդ թվում՝ հարձակման դրդապատճառը, առայժմ անհայտ են։