Թբիլիսիում այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահը արձագանքել է ՄԱԿ-ում Վրաստանին աջակցող բանաձևերի դեմ քվեարկելու հարցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Գիա Վոլսկին: Նրա խոսքերով հայկական պատվիրակության հետ այս թեմայի շուրջ զրուցելիս, նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանի առջև եղած մարտահրավերների մասին և կոչ է արել վրացական կողմին այս հարցին մոտենալ հասկացությամբ:
«Խոսքը գնացել է որոշ հարցերում տարբերվող դիրքորոշումների մասին, սակայն ցանկություն է հայտնվել բոլոր հարցերին մոտենալ հասկացությամբ, ելնելով դրանց առանձնահատկություններից, որն ունեն Հայաստանը և Վրաստանը: Աբխազիայի հարցով Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ում ընդունվող բանաձևերին, և այդ առումով նախագահը խոսել է այն առանձնահատկությունների մասին, որոնք ունի հայկական կողմը: Իհարկե մենք գիտակցում ենք, որ կան հիմնախնդիրներ կապված հայ-ադրբեջանական հարցին, սակայն ուրախալի է, որ երկու կողմերն էլ տրամադրված են այս իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-նշել է Գիա Վոլսկին:
Հիշեցնենք, խոսքը գնում է ՄԱԿ-ում Վրաստանի կողմից նախաձեռնած ամենամյա բանաձևի մասին, որը վերաբերում է բռնազավթված Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններից բռնի տեղահանված անձանց կարգավիճակին: Փախստականների սկզբունքային իրավունքներին աջակցող փաստաթուղթը նախատեսում էր փախստականների իրենց տներ անվտանգ վերադառնալու գործողություն: Հունիսի 1-ին Հայաստանը այն երկրների թվում էր, որոնք դեմ են քվեարկել փաստաթղթի ընդունմանը: