Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Չինաստանի մայրաքաղաք Պեկին։ Ռուսական լրատվամիջոցները տեղեկությունը տարածում են՝ հիմնվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ այցի շրջանակներում Շոյգուն կմասնակցի Սյանշանի անվտանգության ֆորումին։
«Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը լիագումար նիստում զեկույցով հանդես կգա «գլոբալ անվտանգության ոլորտում խոշոր տերությունների պատասխանատվության և համագործակցության» թեմայով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Սյանշանի անվտանգության 10-րդ ֆորումը բացվել է հոկտեմբերի 29-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը։ Համաժողովին մասնակցում են ավելի քան 90 երկրների պաշտոնական ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իրանի պատվիրակությունները։