Սերգեյ Լավրովն ասում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում կան ձևակերպումներ, որոնք կարելի է համաձայնեցնել
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցություններում կան ձևակերպումներ, որոնք կարելի է համաձայնեցնել։
Այդ մասին Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է ռուսական «Ար-Բե-Կա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նախագահ Զելենսկին ոչ վաղ անցյալում շատ հետաքրքիր հայտարարություններ արեց։ Շատ ավելի իրատեսական գնահատական էր, որ մենք Զելենսկիից լսեցինք տեղի ունեցածի մասին, քանի որ նա նախկինում էլ առճակատման հայտարարություններ էր անում»,- ասել է Լավրովը։
Միևնույն ժամանակ Լավրովը պնդում է, որ բանակցություններում այժմ քննարկվում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցը, որը կապված է Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների պահանջի հետ։
Նրա խոսքով, Ռուսաստանը պատրաստ է ուղիներ փնտրել սեփական, ինչպես նաև Ուկրաինայի ու Եվրոպայի անվտանգության ապահովման համար, սակայն ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառվում է։
Ավելի վաղ նախագահ Զելենկին տեսաուղերձում ասել էր, որ բանակցային գործընթացում կողմերի դիրքորոշումներն ավելի իրատեսական են հնչում։