Սերգեյ Լավրով. Թուրքական զենքն Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ռուս զինծառայողների և խաղաղ բնակիչների սպանության համար, դա չի կարող տարակուսանք չառաջացնել
Թուրքական զենքն Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ռուս զինծառայողների և խաղաղ բնակիչների սպանության համար, դա չի կարող տարակուսանք չառաջացնել,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով, ցավոք, Թուրքիան շարունակում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցել Ուկրաինայի հետ։
Լավրովի խոսքով, Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական համագործակցությունը անորոշություն է առաջացնում այն ֆոնին, երբ թուրքական իշխանությունները հայտարարում են միջնորդության պատրաստակամության մասին։
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում։ Լավրովը հիշեցրել է, որ հենց Թուրքիան է հարթակ տրամադրել 2022 թվականի գարնանը Ստամբուլում բանակցությունների համար, իսկ հետո նպաստել «հացահատիկային համաձայնագրի» կնքմանը։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասում է, որ այժմ որևէ միջնորդական ջանքեր, այդ թվում՝ Թուրքիայի, դժվար թե հաջողության շանս ունենան։
«Ռուսաստանը պատրաստ է հակամարտության քաղաքական կարգավորմանը, բայց դա պետք է լինի ոչ թե ժամանակավոր զինադադարի, այլ ճգնաժամի բուն պատճառների վերացման մասին։ Դրանց թվում են ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք, Ռուսաստանի անվտանգության կենսական շահերի համար սպառնալիքի ստեղծումը, Կիեւի ռեժիմի կողմից ռուսների եւ Ուկրաինայի ռուսալեզու բնակիչների իրավունքների խախտումը»,- ասել է Սերգեյ Լավրովը։