Սերգեյ Լավրով. Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի հետ խոսել Վլադիմիր Զելենսկիի առաջարկած «խաղաղության բանաձեւի» հիման վրա, պարզ է, որ Կիևն ինքը պատրաստ չէ երկխոսության
Ռուսաստանը չի պատրաստվում որևէ մեկի հետ խոսել Վլադիմիր Զելենսկիի առաջարկած «խաղաղության բանաձեւի» հիման վրա, պարզ է, որ Կիևն ինքը պատրաստ չէ երկխոսության,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը պատրանք ունի հասնել Դոնբասից, Ղրիմից, ինչպես նաև Զապոռոժյեի և Խերսոնի շրջաններից ռուսական զորքերի դուրսբերմանը Արևմուտքի օգնությամբ։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան չի հրաժարվում հակամարտության դիվանագիտական լուծման գաղափարից, սակայն այժմ դժվար է ասել՝ արդյոք Ուկրաինայում կան ադեկվատ քաղաքական գործիչներ։
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկի պահից Վլադիմիր Զելենսկին նախաձեռնեց նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք չհրաժարվեցինք և պայմանավորվեցինք հանդիպել նրա ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների մի քանի փուլերը ցույց են տվել, որ կարելի է ձեռք բերել փոխընդունելի պայմանավորվածություններ։ Այնուամենայնիվ, փետրվարին սկսված բանակցային գործընթացը ցույց տվեց Զելենսկու անկախության իսպառ բացակայությունը կարևոր որոշումներ կայացնելու հարցում։ Արդեն ապրիլին անգլո-սաքսոնների թելադրանքով, որոնք շահագրգռված էին ռազմական գործողությունների շարունակմամբ, նա արագ դադարեցրեց բանակցությունները և կտրուկ կոշտացրեց իր դիրքորոշումը»,- նշել է Սերգեյ Լավրովը։