Սերբիայում ցուցարարներն ասում են, որ հակակառավարական ցույցերը կշարունակվեն՝ չնայած երկրի վարչապետի հրաժարականին

22:48, 28.01.2025

Սերբիայում բողոքի ցույցերը շարունակվում են:

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Նովի Սադում հավաքված ցուցարարները նշում են, որ չնայած վարչապետի հրաժարականին, հակակառավարական ցույցերը շարունակվելու են։

«Գուցե հրաժարական են տվել, բայց բոլորս էլ գիտենք, որ պահանջները չեն կատարվել»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Նովի Սադում հանրահավաքի երեք մասնակիցներ հարձակման են ենթարկվել։ Ցուցարարները հարձակումն իրականացնելու մեջ մեղադրում են «Սերբիայի առաջադիմական կուսակցության» անդամներին՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորությամբ։ Տուժածներից մեկը գլխի վնասվածք ունի և հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց:

Բողոքի ակցիայի շրջանակներում ուսանողներն ավելի վաղ փակել էին Բելգրադի գլխավոր խաչմերուկներից մեկը։

Սերբիայում արդեն երկու ամիս է՝ բողոքի ակցիաներ են ընթանում։ Բողոքի ցույցերը սկսվել են Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ բետոնե կառույցի փլուզման հետևանքով զոհվել է 15 մարդ։

Ցուցարարները պնդում են, որ ողբերգության պատճառը կառավարական կոռուպցիան և նեպոտիզմն է, ինչի պատճառով շենքը չի կառուցվել անվտանգության չափանիշներին համապատասխան։ Նրանք Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից և իշխող կուսակցության ներկայացուցիչներից պահանջում են միջադեպի արագ հետաքննություն և պատասխանատվություն։

Մինչդեռ մի քանի ժամ առաջ Սերբիայի վարչապետ Միլոշ Վուչևիչը պաշտոնապես հաստատել է, որ հրաժարական է տալիս։

Նմանատիպ