Սերբիան անտառային հրդեհների դեմ պայքարելու համար օգնություն է խնդրել Եվրամիությունից և Ռուսաստանից

22:29, 21.08.2026
Սերբիան անտառային հրդեհների դեմ պայքարելու համար օգնություն է խնդրել ինչպես Եվրամիությունից, այնպես էլ Ռուսաստանից: Այս մասին գրում է «Ռոյթերսը» (Reuters):
Երկրի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի ղեկավար Լուկա Չաուշիչը հայտարարել է, որ Սերբիան Եվրամիության օգնության համակարգից հրշեջ ինքնաթիռներ և մասնագիտացված տեխնիկա է խնդրել:
«Մեզ անհրաժեշտ են ավելի քան 10 տոննա բեռնատարողությամբ ինքնաթիռներ և հինգ ուղղաթիռ, որոնք կարող են տեղափոխել ավելի քան չորս տոննա ջուր: Պետք է նշեմ, որ մենք ունենք մեր սեփական ծանր ուղղաթիռները, սակայն օգնություն ենք խնդրել նաև Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմից: Բացի այդ, մենք խնդրել ենք 10 մասնագիտացված մեքենա, որոնք կարող են աշխատել ավազոտ տարածքներում», – նշել է Չաուշիչը:
Սերբիան Եվրամիության անդամ չէ, սակայն բլոկի քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում հասանելիություն ունի արտակարգ օգնությանը:
Ընթացիկ ամռանը Բելգրադը Իսպանիային՝ անտառային հրդեհների դեմ պայքարում հրշեջ ուղղաթիռ և արտակարգ արձագանքման թիմ է ուղարկել նշված մեխանիզմի շրջանակներում, սակայն, ինչպես գրում է «Ռոյթերսը», Եվրոպայի մասշտաբով մոլեգնող հրդեհները զգալիորեն սպառել են ԵՎրամիության ռեսուրսները:
Բացի այդ, ինչպես նշում է պարբերականը, ընթացիկ շաբաթվա սկզբին Ռուսաստանը Սերբիա է ուղարկել ինքնաթիռ՝ հրդեհի դեմ պայքարելու համար: Սերբական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ինքնաթիռն ուղարկվել է Վլադիմիր Պուտինի հրամանով՝ այն բանից հետո, երբ Սերբիան օգնություն է խնդրել:

Նմանատիպ