Սեպտեմբերի 3-5-ը Քութաիսիի օդանավակայանում նախատեսված թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում
Քութաիսիի միջազգային օդանավակայանը ուղեւորների ուշադրության համար հայտարարություն է տարածել:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սեպտեմբերի սկզբին Քութաիսիի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքի վերականգնողական պլանային աշխատանքներով պայմանավորված, երկու օր շարունակ պլանային թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայաններում՝ Քութաիսիի միջազգային օդանավակայանի փոխարեն։
«Վերականգնողական շրջանը նախատեսված է սեպտեմբերի 3-ի ժամը 07:00-ից սեպտեմբերի 5-ի ժամը 01:00-ն։ Հայցում ենք ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։ Այս ընթացքում ծրագրված մեկնման/ժամանման ժամերն անփոփոխ են, փոխվում են միայն օդանավակայանները:
Օդանավակայանների փոփոխության մասին ավիաընկերություններն արդեն տեղեկացրել են ուղևորներին էլեկտրոնային փոստի միջոցով։ «Օմնիբաս Էքսպրես»-ը` Քութաիսիի միջազգային օդանավակայանի պաշտոնական փոխադրող ընկերությունը, իրականացնելու է ուղևորափոխադրումներ Թբիլիսիից Քութաիսի և Բաթումի, ինչպես նաև Քութաիսիից և Բաթումիից Թբիլիսիի միջազգային օդանավակայան: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք տրանսպորտային ընկերությանը»,- հայտնել են Քութաիսիի միջազգային օդանավակայանից։
Նրանց տվյալներով՝ Քութաիսիի միջազգային օդանավակայանը 2023 թվականի յոթ ամսում սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ։
«Թռիչքների ավելացմամբ, ելնելով թռիչքների անվտանգությունից, անհրաժեշտ է իրականացնել օդանավակայանի ենթակառուցվածքի պլանային վերանորոգման աշխատանքներ։
Թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով մշտապես ստուգվում է միջազգային չափանիշներին համապատասխանությունը։ Ընթացիկ վերանորոգման աշխատանքները կիրականացվեն տարեկան պլանի համաձայն, որը օդանավակայանի պատշաճ շահագործման բաղադրիչն է»,- հայտնել են Քութաիսիի միջազգային օդանավակայանից։