Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող եմենյան ռազմական ուժերը հարձակում են սկսել շիա «հուսիների» կողմից վերահսկվող տարածքների վրա
Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող եմենյան ռազմական ուժերը հարձակում են սկսել շիա «հուսիների» կողմից վերահսկվող տարածքների վրա: Այս մասին հայտարարել է Եմենի զինված ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Մայեդ Աբդուլլահ ալ-Նուզայլին:
Նրա խոսքով՝ այս քայլը հիմնված է քաղաքական ղեկավարության ցուցումների վրա: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Եմենի զինված ուժերը հայտարարեցին ազատագրական պայքարի մեկնարկի մասին՝ պետական հաստատությունները հուսիների վերահսկողությունից ազատելու նպատակով:
«Մեր զինված ուժերը, հաստատված պլանների համաձայն, շարունակում են ռազմական գործողությունները տարբեր մարտական ուղղություններում և ճակատներում: Մեր զինված ուժերը հարվածներ են հասցրել Սաադայի, Ալ-Ջաուֆի և Թաիզի տարածքներում հուսի զինյալների ենթակառուցվածքների 1 122 թիրախի: Ստացված տվյալների համաձայն՝ այս գործողությունների արդյունքում չեզոքացվել է զինված խմբավորման 1 747 անդամ, ինչպես նաև ոչնչացվել կամ շարքից հանվել է ընդհանուր առմամբ 364 միավոր ռազմական տեխնիկա, սարքավորումներ և մատակարարման տրանսպորտային միջոցներ»,- հայտարարել է Ալ-Նուզայլին:
Եմենում օրինականությանն աջակցող կոալիցիան նույնպես պարտավորվել է շարունակել օպերատիվ աջակցություն ցուցաբերել եմենյան ուժերին այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել երկրի պետական ինստիտուտները և չի վերացվել «հուսիների» զինված խմբավորումից բխող սպառնալիքը:
«Ալ-Արաբիա»-ի փոխանցմամբ՝ Եմենի կառավարական ուժերը, Կահբուբի լեռներից իրականացված թևային մանևրի արդյունքում, վերահսկողություն են հաստատել Բաբ էլ-Մանդեբի մոտ գտնվող Թուբաբի նկատմամբ: