Սամցխե-Ջավախեթիի շրջանում սկսվել է էթնիկ փոքրամասնությունների համար մայրենի լեզվով պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական թերթիկների բաժանումը
Պետական նախարարի գրասենյակը շարունակում է էթնիկ փոքրամասնություններին տեղեկացնել պատվաստումների մասին: Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի խորհրդական Լիա Գիգաուրին այցելեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան՝ էթնիկ փոքրամասնությունների համար տեղեկատվական արշավի շրջանակներում:
Պետնախարարի գրասենյակի փոխանցմամբ, Լիա Գիգաուրին, տարածաշրջանի պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ միասին, հանդիպել են Նինոծմինդայում տեղական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և նրանց մանրամասն տեղեկատվություն տրամադրել պատվաստումների մասին տեղեկատվական արշավի վերաբերյալ: Ավելի ուշ հանդիպումներ տեղի ունեցան Գանձաև Փոգա գյուղերի բնակիչների հետ, որոնց պետնախարարի խորհրդականը հանձնեց էթնիկ փոքրամասնությունների համար հատկացված տեղեկատվական գրքույկներ պատվաստումների մասին և բժշկական շնչադիմակներ:
Լիա Գիգաուրին նշեց, որ տեղեկատվական արշավի նպատակը յուրաքանչյուր քաղաքացուն պատվաստման գործընթացի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելն է:
«Պետական նախարարի գրասենյակը շարունակում է լայնածավալ տեղեկատվական արշավը՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը: Այս անգամ մենք այցելում ենք էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջան Սամցխե-Ջավախեթիի՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն բնակավայրերին, որոնք գտնվում են կենտրոնից հեռու և որտեղ վրացերենի իմացության հետ կապված որոշակի խնդիրներ կան: Մեր նպատակն է ցրել պատվաստումների դեմ տարածվող առասպելները: Այսօր ամենահրատապ խնդիրը պատվաստումն է: Այդ իսկ պատճառով մենք հանդիպում ենք բնակչության հետ և բաժանում ենք նրանց համար հատուկ իրենց մայրենի լեզվով պատրաստված գրքույկներ: Հուսով ենք, որ այս նյութերին ծանոթանալուց և մեզ հետ հանդիպելուց հետո նրանք կունենան բոլոր հարցերի պատասխանները և կկայացնեն գիտակցված որոշում, ճիշտ ընտրություն կկատարեն պատվաստումների վերաբերյալ` պաշտպանելու իրենց և իրենց սիրելիների առողջությունը: Մեր տեղեկատվական արշավները համալիր բնույթ են կրում, ներառում են բազմաթիվ մեխանիզմներ և, իհարկե, դրանցից մեկը գրքույկների բաժանումն է, որտեղ ամենաարդիական հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը պատրաստվում է ինչպես ադրբեջաներեն, այնպես էլ հայերեն լեզուներով՝ տեղի բնակչությանը հասկանալի լեզվով: Մենք ոչ մի րոպե չենք դադարի աշխատել այս ուղղությամբ և կարծում ենք, որ այդ տեղեկատվական արշավների արժանիքն է և արդյունքը, որ յուրաքանչյուր փուլում բնակչությունը ունի համապատասխան տեղեկատվություն», – ասաց Լիա Գիգաուրին:
Covid-19 պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները պատրաստվել են Վրաստանի կառավարության վարչության և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ համատեղ և կազմակերպվել են Վրաստանի ռազմավարության և զարգացման կենտրոնի կողմից:
Էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված գյուղերում, որտեղ տեղեկատվության հասանելիությունը սահմանափակ է, տեղեկատվական նյութերը կբաշխվեն տնից տուն:
«Շատ կարևոր է պատվաստումների մասին տեղեկատվության տարածումը մարզերում, հատկապես մեր տարածաշրջանում, մասնավորապես Ջավախքում, քանի որ այստեղ ապրում է էթնիկ հայ բնակչությունը, և անհրաժեշտ է, որ նրանք տեղեկատվություն ստանան իրենց մայրենի լեզվով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պետնախարարի գրասենյակին՝ ժամանելու համար: Մենք բաժանեցինք տեղեկատվական գրքույկներ և բժշկական շնչադիմակներ: Մենք նրանց լեզվով տեղեկատվություն տրամադրեցինք, որ կարևոր է պատվաստվել տարածաշրջանում, որ դա միակ լուծումն է: Ցավոք, հատկապես Ջավախքում, մենք շատ ցածր ցուցանիշ ունեինք և պատվաստման գործընթացը դանդաղ էր, բայց վերջերս, մեկ շաբաթից ավելի, այս գործընթացն արդեն արագացել է: Ընդհանուր առմամբ, երկու համայնքներում պատվաստվել է մոտ 1500 մարդ, եւ ես կարծում եմ, որ այսօրվա հանդիպումներից եւ տեղեկատվության տրամադրումից հետո այս գործընթացը ավելի կարագանա: Կլինիկաներում ենթակառուցվածքները պատրաստ են դրան, փոքր թիմեր են աշխատում, և հնարավորություն կա ավելացնել այս բրիգադները: Մենք ունենք նաև ծրագիր, որը հնարավորություն կտա մեր բնակչությանը պատվաստանյութ ստանալ անմիջապես գյուղերում: Մենք խոսեցինք այդ մասին եւ հայտնեցինք մեր պատրաստակամությունը»,- ասել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին: