Սամցխե-Ջավախեթիի շրջանի տասը գյուղերում շարունակվում են պատվաստմանն աջակցող տեղեկատվական հանդիպումները
«Պատվաստվենք միմյանց համար» համընդհանուր պատվաստումների արշավի շրջանակներում Վրաստանի տարբեր շրջաններում պատվաստումների աջակցության տեղեկատվական հանդիպումներին, որոնք կազմակերպվել են օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության և Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից, միացել են միջազգային դոնորները: Այդ մասին տեղեկություն է տարածում առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ արշավի շրջանակներում Համաշխարհային բանկի և USAID-ի աջակցությամբ տեղեկատվական համայնքային հանդիպումներ են անցկացվում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տարբեր գյուղերի բնակիչների հետ։
«Հանդիպումների հիմնական նպատակն է բարձրացնել տեղի բնակչության իրազեկությունը իմունիզացիայի կարևորության և անհրաժեշտության, պատվաստանյութերի անվտանգության և Covid 19-ից բխող վտանգների մասին։ Հանդիպումները վարում են ոլորտի որակյալ մասնագետներ, գյուղի բժիշկներ, Առողջապահության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ներկայացուցիչներ, գյուղի լիազորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր։
Տեղեկատվական հանդիպումները ներառում են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի տասը գյուղեր՝ Ջիգրաշեն, Դիդի Գոնդուրա, Հեշտիա, Գորելովկա, Խանչալի, Օկամի, Գոգաշեն, Արագվա, Տուրցխ և Բարալեթի: Յուրաքանչյուր միջոցառում նախատեսված է մինչև 30 տեղաբնակների համար, և հիմնական թիրախային լսարանը ռիսկային խմբի մարդիկ են՝ 60 տարեկանից բարձր: Հանդիպումների ավարտին իմունականխարգելմամբ հետաքրքրված մասնակիցները հնարավորություն ունեն տեղում պատվաստվել իրենց նախընտրած պատվաստանյութով։ Բնակչության պատվաստման համար Թբիլիսիից Սամցխե-Ջավախք է մեկնել լիովին կահավորված շարժական ամբուլատորիա, որը տրամադրել է Վրաստանի բժշկական հոլդինգը։
Արծվիկ Պողոսյանը Ջիգրաշենի գյուղի բնակիչ է, ով որոշել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափն ստանալ հանդիպումից անմիջապես հետո։
«Ինձ համար առաջին հերթին կարևոր է պատվաստումը, քանի որ նախորդ տարի վարակվել եմ և անհրաժեշտ եմ համարել պատվաստվել։ Օգոստոսի 27-ին ես ընդունեցի Սինոֆարմ առաջին դեղաչափը, հաջորդ օրը թեթև ալերգիա ունեցա, վախեցա, հետո խուսափեցի, սակայն այսօրվա հանդիպումից հետո որոշում կայացրեցի և պատվաստվեցի Սինոֆարմով: Գյուղում մարդիկ վախենում են պատվաստվել ապատեղեկատվության պատճառով, ես բոլորին խորհուրդ եմ տալիս պատվաստվել»,- ասաց տեղացիներից մեկը։
Այսօր Նինոծմինդայի գյուղերում հանդիպումներ կանցկացվեն, իսկ նոյեմբերի 26-ին Ախալքալաքի գյուղերի բնակիչները կկարողանան տեղեկություններ ստանալ պատվաստումների հետ կապված և ներգրավվել տեղական պատվաստումների գործընթացին։