Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Կախա Կալաձեին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատում ընդունել է մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեին և շնորհավորել նրան ինքնակառավարման ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը։
Նրանց խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ինքնակառավարման ընտրություններին վերաբերող հարցեր։
«Ինչպես նշել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Կախա Կալաձեի նախընտրական արշավն առանձնանում էր նրանով, որ ատելության խոսք ու հռետորաբանություն չի կիրառվել, այն կենտրոնացած է եղել գործի և տեղի բնակչության կարիքների վրա։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ կարևոր է արագ շարունակել արդյունավետ գործունեություն ծավալել տեղի բնակչության կոնկրետ խնդիրների լուծման համար»,- ասված է հաղորդագրությունում։