Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
Պետական այցի շրջանակներում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է ունեցել Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կիպրոսի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների խորացումը, եվրաինտեգրման ճանապարհին Կիպրոսի աջակցությունը և այդ ոլորտում նրա փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև Վրաստանի և Կիպրոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ մշակութային միջոցառումների անցկացման նախաձեռնությունը և գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում փոքր երկրների միասին կանգնելու կարևորությունը:
Ըստ նրանց՝ Վրաստանի նախագահն իր գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի օկուպացված տարածքներում մարդասիրական իրավիճակի մասին, որն էլ ավելի է բարդացել համաշխարհային համավարակի պատճառով։ Ինչպես նշել է նախագահը, շարունակվում են առևանգումները, սահմանագծումները և վրացերենի դեմ պայքարը։
Վրաստանի նախագահը հանդիպել է նաև Անիտա Դեմետրիուսի հետ և շնորհավորել նրան Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Իր հերթին Անիտա Դեմետրիուսը նախագահին վերահաստատել է Կիպրոսի աջակցությունը Վրաստանի եվրաինտեգրմանը։ Նշվել է, որ Կիպրոսը պատրաստ է կիսվել Վրաստանի հետ իր փորձով»,- հայտնել են նախագահի մամուլի ծառայությունից։
Վրաստանի նախագահը Կիպրոսում հանդիպել է նաև վրացական համայնքի ներկայացուցիչների հետ և ասել, որ վրացական համայնքն ունի երկրի զարգացման հսկայական ներուժ, և կարևոր է սերտ կապերի պահպանումը հայրենիքի հետ։