Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է ընդդիմության ներկայացուցիչների հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Օրբելիանիների պալատում։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանն արդեն եղել են, իսկ այս պահին Զուրաբիշվիլին հանդիպում է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներ Նիկա Գվարամիայի և Էլենե Խոշտարիայի հետ։
Նիկա Գվարամիան և Էլենե Խոշտարիան հանդիպումից առաջ լրատվամիջոցներին չեն մեկնաբանել և նշել, որ հանդիպման նպատակի մասին տեղեկություն չունեն։
Հանդիպումից դուրս գալուց հետո Մամուկա Խազարաձեն լրագրողներին ասել է, որ հանդիպման հիմնական թեման եղել է «Ժողովրդական խորհրդարանի» ստեղծման գաղափարը։
«Ժողովրդական խորհրդարանը պայմանական նշանակում է, մենք այս գաղափարը ներկայացրել ենք նախագահին։ Ես շատ գոհ հեռացա հանդիպումից, շատ հետաքրքիր հանդիպում ունեցանք։ Նախագահը ճեպազրույց կանցկացնի, և ես չեմ ուզում մինչ այդ մեկնաբանել, քանի որ նախագահն ինքն է հանրությանը ներկայացնելու ծրագրերը, որոնք շատ կարևոր են։ Այս հանդիպումները շարունակվելու են ոչ միայն մեզ հետ, այլ նաև այլ կոալիցիաների հետ։ Կարծում եմ, ամենակարեւորը, որ հանրությունը պետք է հասկանա, դա ծրագիրն է: Այս պլանը կա, և պլանն այն է, որ այս երկրում լինեն խաղաղ ընտրություններ»,- ասել է Մամուկա Խազարաձեն։