Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Խավիեր Կոլոմինային ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել ապագա սերտ հարաբերությունները:
«Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչին տեղեկացրեց Վրաստանի օկուպացված տարածքներում հումանիտար ծանր իրավիճակի մասին:
Նախագահի խոսքով, ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանին աջակցող բարձր մակարդակի այցերն ու հայտարարությունները վկայում են Վրաստանի և ՆԱՏՕ-ի սերտ հարաբերությունների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվեց ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նշանակությունը Վրաստանի դաշինքին ինտեգրման գործընթացում:
Խոսքը վերաբեել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, Սև ծովի անվտանգության հարցերին և այս ուղղությամբ դաշինքի հետ հետագա համագործակցության հնարավորություններին: Խավիեր Կոլոմինայի խոսքով, դաշինքի համար կարեւոր է տարածաշրջանի կայունությունը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, ըստ նախագահի աշխատակազմի, կողմերը քննարկել են նոր հուշագիր՝ ԱՄՆ-Վրաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտում: Խավիեր Կոլոմինան այս համաձայնագրի ստորագրումը գնահատեց որպես էական հաջողություն Վրաստանի համար: