Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Իսլանդիայի վարչապետին
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Իսլանդիայի վարչապետին

Շարունակվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա։

Սալոմե Զուրաբիշվիլին «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի» շրջանակներում հանդիպում է ունեցել Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրի հետ։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցեր։

Նրանց հաղորդման համաձայն՝ հանդիպման ժամանակ Իսլանդիայի վարչապետը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահության շրջանակներում նշել է Իսլանդիայի գործունեության առաջնահերթությունները՝ գենդերային հավասարություն, երեխաների իրավունքներ, կլիմայի փոփոխության հիմնախնդիր։

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, գենդերային խնդիրները նույնպես կարևոր են Վրաստանի համար և դրանք ներառված են Եվրամիության 12 հանձնարարականներում։

Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանին եվրոպական հեռանկար տալու հարցը։ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանի բնակչության 80 տոկոսը կողմ է երկրի եվրաինտեգրմանը, և դա գրված է Վրաստանի Սահմանադրության մեջ։

«Զրույցն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և Ուկրաինայում շարունակվող պատերազմին։ Ինչպես նշել է նախագահը, փոքր պետությունները պետք է միասնական ջանքերով պաշտպանեն իրենց շահերը, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի և հաշվի առնվի։ Նախագահն անդրադարձել է նաև կենսաբազմազանության պաշտպանության կարևորությանը, թե որքան կարևոր է փոքր պետությունների համագործակցությունն այս հարցում։ Նախագահը և վարչապետը ընդգծել են երկու երկրների համար զբոսաշրջության ոլորտի զարգացման կարևորությունը և այդ ոլորտում համագործակցության խորացման հարցը»,- ասված է նախագահի աշխատակազմից։

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին Իսլանդիայի վարչապետին հրավիրել է Թբիլիսիում կայանալիք Կանանց միջազգային համաժողովին, որը հիմնադրվել է նրա նախաձեռնությամբ և հաջորդ տարի Թբիլիսիում կանցկացվի երկրորդ անգամ։