Սալոմե Զուրաբիշվիլին համաներում շնորհեց Գիորգի Ռուրուային
Սալոմե Զուրաբիշվիլին համաներում շնորհեց Գիորգի Ռուրուային

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Գիորգի Ռուրուայի համաներման ակտը:

Այս մասին նախագահը գրում է ֆեյսբուքյան էջում:

«Ես ողջունում եմ համաձայնագրի առաջին փուլի կատարումը: Իմ կողմից, ես պահեցի խոստումս և ստորագրեցի համաներման ակտը:

Շնորհավորում եմ Կախա Կուճավային՝ խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլոր այն պատգամավորներին, ովքեր այսօր առաջին անգամ օգտագործեցին ժողովրդի տված մանդատը և մտան Խորհրդարան: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում», – գրել է Զուրաբիշվիլին:

Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության կուսակցությունների խորհրդարան ժամանելու օրը համաներման ակտ հրապարակեց:

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի փաստաթուղթը ստորագրած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները գրանցվել են օրենսդիր մարմնում և ներկա եղել լիագումար նիստին:

Միևնույն ժամանակ, խորհրդակցություններ են ընթանում համաներման մասին օրինագծի շուրջ, որը նախատեսվում է նախաձեռնել: