Սալոմե Զուրաբիշվիլին Դավիթ Գարեջիի գործով տարածել է հայտարարություն
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Դավիթ Գարեջիի գործի վերաբերյալ տարածել է հայտարարություն:
Ինչպես հայտարարել է Զուրաբիշվիլին, հետաքննությունը վերաբերում է 2006-2007 թվականներին հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությանը, այլ ոչ թե նրա արտաքին գործերի նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածին (2004 թվականի մարտի 18 – 2005 թվականի հոկտեմբերի 19):
«Վերջին ժամանակներում ստեղծված աժիոտաժը հստակորեն ուղղված է նախագահի ինստիտուտի հերթական անգամ թուլացմանը: Այս դեպքում խոսքը վերաբերում է Դավիթ Գարեջիի շուրջ ստեղծված իրավիճակին:
Չնայած ես իմ վերջին հեռուստատեսային հարցազրույցում մանրակրկիտ զրուցել եմ այս հարցով, սակայն ստեղծվում է արհեստական ֆոն, կարծես թե այս թեմայի շուրջ իմ հանդեպ հարցեր կան:
Այս պահին բոլորի համար պարզ է, որ հետաքննությունը վերաբերում է 2006-2007 թվականներին հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությանը, և ոչ թե իմ արտաքին գործերի նախարար լինելու ժամանակահատվածին (2004 թվականի մարտի 18 – 2005 թվականի հոկտեմբերի 19-ին):
Ելնելով այն բանից, որ ես հարգում եմ պետական ինստիտուտները, անհրաժեշտ եմ համարում ևս մեկ անգամ հրապարակավ կիսվել ձեզ հետ իմ ունեցած ամբողջ տեղեկությամբ: Բացի այդ, ես ցանկացած պահի կարող եմ անձամբ տրամադրել այս տեղեկատվությունը դատախազին:
Ես կսկսեմ այն փաստից, որ իմ նախարարության ընթացքում պետական սահմանների հարցը իսկապես մեր երկկողմ օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն էր, ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ գործընկերների հետ հանդիպումների ընթացքում:
Այն ժամանակ, ինչպես այսօր, ես հավատում եմ, որ ամուր բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները պահանջում են սահմանների սահմանազատում և գործի ավարտ, ինչը բացառում է ապագայում ցանկացած թյուրիմացությունները և հնարավոր միջադեպերը:
Մյուս կողմից, ես գտնում եմ, որ Վրաստանի պետության և նրա եվրաատլանտյան ձգտումների համար սահմանների օրինական հաստատումը մեծ նշանակություն ունի:
Հետևաբար, իմ նախարարության ընթացքում, հանձնաժողովն աշխատել է երկու ուղղություններով, սակայն վերջնական համաձայնություն ձեռք չէր բերվել:
Իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի վերջին հանդիպման ժամանակ, հանձնաժողովից ստացել ենք տեղեկություն, որ սահմանի մի քանի հատվածներ մնացել են չլուծված, այդ թվում ՝ Դավիթ Գարեջիի և Կարմիր կամուրջի հատվածները:
Հարցի բարձր քաղաքական կարևորության և զգայունության պատճառով, իմ գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ միասին պայմանավորվեցինք, որ հարցի լուծման համար դիմեյինք երկրների նախագահներին, քանի որ հարցը կարող էր լուծվել միայն բարձրագույն քաղաքական մակարդակով:
Ես տեղեկություն չունեմ, թե արդյոք այդ հարցը քննարկվել է նախագահների կողմից իմ նախարար լինելուց հետո, մասնավորապես 2005 թվականի հոկտեմբերի 19-ից հետո: Ես նաև չգիտեմ, թե երբ կամ ինչ պայմաններում է հարցը վերադարձվել հանձնաժողովին», – ասել է Վրաստանի նախագահը:
Դատախազությունը Դավիթ Գարեջիի գործով հոկտեմբերի 7-ին ձերբակալել է Իվերի Մելաշվիլիին ու Նատալյա Իլիչովային: Ինչպես ասում են դատախազությունում, հետաքննության մեկնարկի հիմք է հանդիսացել Վրաստանի պաշտպանության նախարարությունից ստացված գրավոր տեղեկությունը, որի համաձայն, տարիների ընթացքում արտաքին գործերի նախարարությանը կից գործող, պետական սահմանի սահմանագծման-սահմանազատման հանձնաժողովի փորձագետների կողմից, պետական սահմանի համաձայնեցման ժամանակ մշտապես տեղի էր ունենում ռելեվանտ փաստաթղթերի անտեսում և դրանք շրջանցելով Վրաստանին վնասող որոշումների ընդունում:
Իվերի Մելաշվիլին և Նատալյա Իլիչովային որպես խափանման միջոց է սահմանվել կալանքը: