Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում ընտրություններին մասնակցությունը
Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում ընտրություններին մասնակցությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի բացառում ընտրություններին մասնակցությունը։ Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի բյուրոյին տված հարցազրույցում։

Հարցին, թե մտադիր է արդյոք մասնակցել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին, Զուրաբիշվիլին պատասխանել է. «Այժմ ես նախագահ եմ, և իմ մանդատը ավարտվում է խորհրդարանական ընտրություններից հետո։ Նոր խորհրդարանը նոր նախագահ է ընտրելու, քանի որ, ըստ մեր սահմանադրության, սա վերջին անգամն էր, որ ժողովուրդն ընտրեց նախագահին։ Իմ ծրագիրը, եթե կարելի է ծրագիր անվանել, իմ մանդատը կատարելն ու դերս կատարելն է։ Նախագահը պետք է փորձի կոնսենսուսի հասնել մի երկրում, որը խորապես բևեռացված է: Ակնհայտ է, որ դա հեշտ գործ չէ ընտրական տարում։ Հավանաբար, ընտրությունները կդառնան իրավիճակի հետագա լարման պատճառ։ Առավել կարեւոր է աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք փորձում են իրականացնել Եվրահանձնաժողովի ինը հանձնարարականները»։

Նրա խոսքով, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես Վրաստանը առաջ կգնա Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման հարցում։

«Մենք պետք է օգտագործենք ընտրություններից առաջ մնացած ժամանակը, որպեսզի ցույց տանք, որ կատարում ենք այն կանխավճարը, որը տրվել է Վրաստանին։ Եթե ​​տեսնեմ, որ այդ խնդիրների կատարումն այլ ֆորմատ է պահանջում, ապա կտեսնենք»,- ասել է Զուրաբիշվիլին։

Հարցին, թե արդյոք դա հնարավորություն է տալիս մտածելու եվրոպական ճանապարհին Վրաստանի հաջողության համար կուսակցություն ստեղծելու և ընտրություններին մասնակցելու համար, Զուրաբիշվիլին պատասխանում է. «Եթե Վրաստանի եվրոպական ապագան վտանգված լինի, ես ամեն ինչ կմտածեի»։