Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Սամեգրելոյում գտնվող կերամիկայի ստուդիա և պնդուկի գործարան
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սամեգրելո կատարած այցի շրջանակներում այցելել է կերամիկայի «Օրկոլի» գործարան, որը վրացական յուրօրինակ ավանդույթներով արտադրում է սև, փայլուն կերամիկա։
Ինչպես նշել են նախագահի մամուլի գրասենյակում, Սալոմե Զուրաբիշվիլիի այցն իրականացվում է փոքր բիզնեսին և ավանդական արտադրությանը աջակցելու նպատակով, որը, ինչպես և Զուգդիդի կերամիկան, կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի զարգացման համար։
35 տարվա փորձ ունեցող ընկերությունում, որն ընդլայնել և զարգացրել է իր արտադրությունը USAID-ի ֆինանսական աջակցությամբ, աշխատում են տեղի բնակիչներ։
«Օրկոլի» կերամիկական ստուդիայի հիմնադիր Ռոբերտ Աբսանձեի խոսքով, կարևոր է կոլխուրի և վրացական կավի արտադրության ավանդույթի շարունակությունն ու վերակենդանացումը, ինչը կնպաստի Զուգդիդի քաղաքի և ընդհանրապես տարածաշրջանի զարգացմանը։
Վրաստանի նախագահը Սամեգրելոյում այցելել է նաև «AgriGeorgia» պնդուկի գործարան, որը «Ferrero»-ի դուստր ձեռնարկությունն է և 1 800 հեկտարի վրա աճեցված արտադրանքն արտահանում է Իտալիա։
Ընկերության ներկայացուցիչները նախագահին տեղեկացրել են ընկերության գործունեության մասին և նշել, որ մինչ այժմ ընկերությունում ներդրվել է 100 մլն եվրո, իսկ վերջին երկու տարում Իտալիա է առաքվել մոտ 4 500 տոննա ընկույզ։
Ձեռնարկության առաջնահերթությունը տեղի բնակչության զբաղվածությունն է, ձեռնարկությունում մշտապես աշխատում է 300 տեղացի, իսկ սեզոնի ընթացքում՝ մոտավորապես 1 500 մարդ։