Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինի հետ քննարկել է երկրում և տարածաշրջանում առկա գործընթացները
Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինի հետ քննարկել է երկրում և տարածաշրջանում առկա գործընթացները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինի հետ։ Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։

Նրանց տվյալներով՝ Զուրաբիշվիլին Ջենկինի հետ քննարկել է երկրում և տարածաշրջանում առկա գործընթացները և խոսել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին։

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինը ևս մեկ անգամ հաստատեց ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և լիակատար պատրաստակամություն հայտնեց ամրապնդել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը նաև այլ ուղղություններով։

Նշվել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը մեծ ազդեցություն ունի մեր տարածաշրջանի, Եվրոպայի և ընդհանրապես աշխարհի անվտանգության և կայունության վրա։ Վրաստանն օգնություն է ցուցաբերում տարբեր ուղղություններով, լիակատար համերաշխություն է հայտնում Ուկրաինային և խստորեն հետևում է սահմանված միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին և Ուկրաինայում շարունակվող պատերազմի համատեքստում ստեղծված սպառնալիքներին ու ռիսկերին մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Կողմերը քննարկել են Սև ծովի և Կովկասի անվտանգության հարցերը և այդ գործընթացներում Վրաստանի դերը։

Նախագահը խոսել է Պրահայում Եվրոպական քաղաքական միության ձևաչափով համաշխարհային առաջնորդների հանդիպմանը Վրաստանի մասնակցության կարևորության մասին, ինչը հաստատում է, որ Վրաստանը արժեքավոր գործընկեր է Եվրամիության համար՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման տեսանկյունից։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև եվրոպական հեռանկարին և Եվրամիության 12 կետից բաղկացած հանձնարարականների իրականացմանը, որն անհրաժեշտ է Վրաստանի՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու համար։

Հանդիպման ընթացքում նախագահը խոսել է հունիսին Թբիլիսիում անցկացված կանանց միջազգային համաժողովի մասին, որը նվիրված էր խաղաղության և անվտանգության խնդիրներին»,- ասվում է տեղեկատվության մեջ։

Վարչակազմի տվյալներով՝ նախագահը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին հրավիրել է հաջորդ տարի Թբիլիսիում նախատեսված միջազգային համաժողովին։