Սալոմե Զուրաբիշվիլի. Եվրոպան մեզանից չի հրաժարվել, չի մերժել, մենք պետք է աշխատենք և չհանձնվենք
Սալոմե Զուրաբիշվիլի. Եվրոպան մեզանից չի հրաժարվել, չի մերժել, մենք պետք է աշխատենք և չհանձնվենք

Մենք թեկնածուի կարգավիճակ չենք ստացել, բայց ունենք եվրոպական հեռանկար, որի մասին չէինք երազի առանց Ուկրաինայի և վերջին ամիսների նոր հանգամանքների, – ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիի կանանց միջազգային կոնֆերանին:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, ստացել է միայն եվրոպական հեռանկարի հանձնարարական, դա չպետք է հիասթափություն առաջացնի հասարակության մեջ։

Նրա խոսքով, միեւնույն ժամանակ Եվրահանձնաժողովը հստակ գրել է, թե ինչ է պետք անել մինչեւ 2022 թվականի վերջ, որպեսզի Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ։

«Դուք, հնարավոր է, հիասթափված եք: Ես ավելի շատ զայրացած եմ: Անձամբ ես շատ բան ասացի, որովհետեւ տեսա, թե ինչ է պատրաստվում։ Սա որոշակի դժգոհություն, զայրույթ առաջացրեց, բայց փաստը փաստ է, որից չենք կարող խուսափել: Փաստերը չեն նշանակում, որ մենք պետք է հանձնվենք:

Մենք այսօր չստացանք թեկնածուի կարգավիճակ, բայց ստացանք մի բան, որի մասին չէինք երազի, եթե չլիներ այս ամենը վերջին ամիսներին։ Մենք ստացել ենք այդ ճանաչումը, և հուսով եմ, որ Եվրոպական խորհուրդը դա կհաստատի մեկ շաբաթից, մենք ունենք եվրոպական հեռանկար, անդամակցության հեռանկար։ Սա այն է, ինչ մեզ մինչ այժմ ոչ ոք չի ասել, ոչ ոք չի խոստացել հեռանկար։ Սրա համար երբեմն կային աշխարհագրական պատճառներ, ինչու ոչ, բայց եթե ոչ այսօր Ուկրաինան, եթե ոչ այս նոր հանգամանքները, մենք այսօր իրականում դա չէինք ստանա։

Եկեք ընդունենք այն, ինչ մեզ ասում են, հասկանանք, և ոչ այնպես, ինչպես դա մեզ հարմար է՝ ելնելով տարբեր քաղաքական շահերից։ Եկեք ինքներս մեզ հարցնենք, թե ինչ պետք է անենք»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։