Սալոմե Զուրաբիշվիլի. Խորհրդարանական մեծամասնության անլուրջ հայտարարությունները անհարգալից վերաբերմունք են հասարակության նկատմամբ, ես վետո կդնեմ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի վրա
Սալոմե Զուրաբիշվիլի. Խորհրդարանական մեծամասնության անլուրջ հայտարարությունները անհարգալից վերաբերմունք են հասարակության նկատմամբ, ես վետո կդնեմ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի վրա

Խորհրդարանական մեծամասնության անլուրջ ու ցինիկ հայտարարությունները անհարգալից վերաբերմունք են հասարակության նկատմամբ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, նախագահը վետո կդնի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի վրա, որը սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունը։

«Ինչպես Վրաստանի նախագահը հայտարարել է 2022 թվականի հունիսի 22-ին, նա կօգտագործի վետոյի իրավունքը բոլոր այն օրենքների նկատմամբ, որոնք դեմ են երկրի ժողովրդավարական կառուցմանը և Եվրամիության հանձնարարականների ոգուն։

Ըստ այդմ, նախագահը վետո կդնի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքի վրա, որը սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունը»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։

Խորհրդարանը երեկ հավանություն է տվել «Հավաքների եւ ցույցերի մասին» օրենքի նախագծին։ Փոփոխությունների համաձայն՝ հավաքի և ցույցի մասնակիցներին արգելվում է ժամանակավոր շինություններ հիմնել, եթե դրանց դասավորությունը վտանգ է ներկայացնում հավաքի կամ ակցիայի մասնակիցների կամ այլ անձանց համար, խոչընդոտում է ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության պահպանումը, առաջացնում է ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում։ Բացի այդ, հանրային տարածքի արտաքին տեսքի խեղաթյուրումից խուսափելու համար հավաքի կամ ցույցի մասնակիցներին կարգելվի ստեղծել ժամանակավոր կառույց, եթե առանց դրա կազմակերպման հավաքը կամ ցույցը էականորեն չի խոչընդոտվի։

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը նախագահին չի ուղարկվի և ուժի մեջ կմտնի առանց նրա ստորագրության։ Նշված հայտարարությունից հետո Մամուկա Մդինարաձեն լրագրողներին ասաց. «Իրակլի Կոբախիձեի մեկ պարզ կատակով ընդդիմությունը, նախագահն ու նրա ներկայացուցիչները փլուզվեցին ուղիղ կես ժամում»։