Սալոմե Զուրաբիշվիլի. Որպես այս երկրի նախագահ, ես հատուկ պարտականություն ունեմ համոզել բոլորին՝ աշխարհիկ և հոգևոր անձանց, որ պատվաստումը ոչ թե մեղք է, այլ՝ քաղաքացիական պարտականություն և հայրենասիրության դրսևորում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է քաղաքացիներին Մարիամոբա տոնի առթիվ:
Դիմելով քաղաքացիներին, երկրի նախագահը շեշտեց պատվաստման կարևորությունը և նշեց, որ պատվաստումից հրաժարվելը վտանգ է ներկայացնում ուրիշների համար:
«Այսօր ուզում եմ շնորհավորել բոլորին Մարիամոբայի կապակցությամբ, շնորհավորում եմ բոլոր Մարիամներին, իմ փոքրիկ Մարիամին և համայն Վրաստանին:
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը ուղղափառ քրիստոնյաների տաղավար տոներից մեկն է, որը հատուկ տեղ ունի Վրաստանի և վրացիների համար:
Չի նշանակում և չպետք է նշանակի, որ մենք՝ մեր ընտանիքների, սիրելիների և մեր փոքր երկրի ապագա սերունդները փրկելու համար, չպետք է օգտագործենք այն ամենը, ինչ կարող ենք՝ անհատապես կամ հավաքականորեն: Սա նշանակում է օգտագործել պաշտպանության բոլոր միջոցները՝ շնչադիմակ կրելը, հեռավորություն պահելը, հավաքներից զերծ մնալը:
Որքա՞ն պետք է լինի հարսանիքի, ծննդյան օրվա կամ հոգեհացի գինը, եթե դա կհանգեցնի մեր սիրելիների վարակման, լուրջ հիվանդության և հնարավոր մահվան:
Մի կողմից, մենք վախենում ենք մեր մասին եսասիրական ինչ-որ բանից, իսկ մյուս կողմից՝ ստանձնում ենք ուրիշի առողջությունը վտանգելու ամենամեծ պատասխանատվությունը:
Պատվաստումից հրաժարվելը վտանգ է ներկայացնում ուրիշների համար, և այսօր մենք տեսնում ենք, որ այդ վտանգը սպառնում է նորածիններին և հղիներին, այսինքն մեր երկրի ապագային: Մենք չենք կարող չտեսնել, թե որքանով է այն սպառնում մեր երկրին և նրա ժողովրդագրական կայունությանը:
Չեմ կարող չկրկնել, թե որքան անհրաժեշտ է պատվաստումը, որքանով է այն մեզ պաշտպանում հիվանդությունից, վարակվելու դեպքում ծանր բարդություններից և նույնիսկ մահից:
Չեմ կարող չմտածել, որ կեղծ քարոզչություն տարածող և կեղծ վախեր առաջացնող բացասական տեղեկատվական արշավը մշակվում և տարածվում է մեր երկրի դեմ:
Ահա թե ինչու համարում եմ, որ որպես այս երկրի նախագահ, ես հատուկ պարտականություն ունեմ համոզել բոլորին՝ աշխարհիկ և հոգևոր անձանց, բժշկին և բուժքույրին, ուսուցիչին և ուսանողին՝ մեծից փոքր, որ պատվաստումը ոչ թե մեղք է, այլ՝ քաղաքացիական պարտավորություն և հայրենասիրության ամենամեծ դրսևորում: Ազատությունը չի նշանակում ուրիշների կյանքը վտանգելու ազատություն», – ասել է նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է նաեւ ընտրությունների հարցին:
«Ինձ հարցնում են, թե ինչ կարծիքի եք ընտրությունների մասին: Պատասխանը պարզ է. Այստեղ նույնպես մեզանից է կախված, թե որքան պատասխանատու ենք մենք այս հարցում: Կարծում եմ, որ ընտրությունների հետաձգումը օգուտ չի բերի այս երկրի կայունությանը, և ինչպես արեցինք 2020 թվականին, այսօր պետք է հնարավոր լինի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ընտրատեղամասում անվտանգության բոլոր նորմերն ապահովելու համար, բայց իրավիճակը կթելադրի որոշումը, եթե չկարողանանք կայունության միտում պահպանել, ինչը դիտվել է վերջին օրերին:
Պատվաստման բարձր ցուցանիշը չպետք է դանդաղեցվի, մենք բոլորս պետք է ցուցաբերենք քաղաքացիական պատասխանատվություն և հավատում եմ, որ կկարողանանք անցկացնել ընտրություններ և դպրոցները բացել: Երկուսն էլ մեր ձեռքերում են», – ասաց նախագահը: