Սալոմե Զուրաբիշվիլի. Ոչ ոք չպետք է կարողանա վնասել մեր եվրոպական ուղին, ես դրա համար եմ եկել Վրաստան եւ դրա համար կլինեմ այստեղ
Սալոմե Զուրաբիշվիլի. Ոչ ոք չպետք է կարողանա վնասել մեր եվրոպական ուղին, ես դրա համար եմ եկել Վրաստան եւ դրա համար կլինեմ այստեղ

Այս երկրում պետք է անցկացվեն ժողովրդավարական և արդար ընտրություններ, և ոչ ոք չպետք է կարողանա վնասել մեր եվրոպական ուղին՝ ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրի սահմաններից դուրս: Ես դրա համար եմ եկել Վրաստան եւ դրա համար կլինեմ այստեղ, – ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի խոսքով, այս ընտրությունները պետք է լինեն օրինակելի՝ առանց բռնության, ատելության խոսքի, անձնական տվյալների օգտագործման, կեղծ լուրերի և ճնշումների:

«Փաստաթուղթը նվազեցնում է այս բեւեռացումը, թուլացնում այն, ​​և ես վստահ եմ, որ չնայած ամեն ինչին այս գործընթացը կշարունակվի: Սա կայունության և անկախության ամրապնդման այլընտրանքային միջոց է, որը մեր հասարակության ընտրությունն է», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ:

Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ համաճարակի և տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր երկրի համար շրջանային մարտահրավերներին դիմակայելու միակ ճանապարհը բևեռացմանը վերջնականապես վերջ տալն է:

«Առջևում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց նշանակման մասին ես ստորագրել եմ երեկ: Այս ընտրությունները պետք է լինեն օրինակելի, պետք է պաշտպանվեն բոլոր սուբյեկտների իրավունքները, որոնք բացառում են բռնությունը, ատելության խոսքը և վիրավորանքները, անձնական տվյալների օգտագործումը, մրցակցին դավաճան անվանելը, ԶԼՄ-ների համար մասնագիտական ​​գործունեության խոչընդոտումը, կեղծիքների տարածումը և տարբեր ճնշումներ: Մեր բնակչությունը մեզանից սպասում է նման ընտրություններ և նման ընտրական միջավայր:

Ես՝ որպես այս երկրում ժողովրդավարության, կայունության և եվրոպականության երաշխավոր, կոչ եմ անում ներգրավվել և ակտիվ լինել: Մեր բոլոր գործընկերներն անհամբերությամբ սպասում են դրան, և մենք պետք է խնդրենք նրանց ուղարկել բազմաթիվ դիտորդական առաքելություններ:

Այս երկրում պետք է անցկացվեն ժողովրդավարական և արդար ընտրություններ, և ոչ ոք չպետք է կարողանա վնասել մեր եվրոպական ուղին՝ ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրի սահմաններից դուրս: Ես դրա համար եմ եկել Վրաստան եւ դրա համար կլինեմ այստեղ», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: