Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք պետք է կտրականապես դատապարտենք Արևելյան Ուկրաինայում անցկացվող հանրաքվեները, սա Ռուսաստանի ծայրահեղ ցինիկ գործողությունն է
Սալոմե Զուրաբիշվիլի. Մենք պետք է կտրականապես դատապարտենք Արևելյան Ուկրաինայում անցկացվող հանրաքվեները, սա Ռուսաստանի ծայրահեղ ցինիկ գործողությունն է

Մենք պետք է կտրականապես դատապարտենք հանրաքվեները, որոնք անցկացվում են Արևելյան Ուկրաինայում, հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի միասնության համար պայքարում զոհված հերոսների հուշահամալիրում։

Նրա խոսքով, սա չափազանց ցինիկ գործողություն է Ռուսաստանի կողմից, որը լիովին անընդունելի է քաղաքակիրթ մարդկանց համար։

«Ես կցանկանայի օգտվել այսօրվա օրվա առիթից և ասել, որ մենք պետք է կտրականապես դատապարտենք հանրաքվեները, որոնք այսօր անցկացվում են Արևելյան Ուկրաինայում, քանի որ մենք գիտենք, թե ինչ են նշանակում հանրաքվեներ օկուպացված տարածքում և այս պահին՝ պատերազմի պայմաններում։ Սա Ռուսաստանի չափազանց ցինիկ գործողությունն է, որը լիովին անընդունելի է մեզ համար, աշխարհի, քաղաքակիրթ մարդկանց համար»,- լրագրողներին ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։