Սալոմե Զուրաբիշվիլի – Մենք անցել ենք պատերազմների, օկուպացիաների միջով, երբ մեր գործընկերները դեռ կարծում էին, որ Ռուսաստանը կարող է վստահելի գործընկեր լինել, Ուկրաինայի պատերազմը փոխեց այս տեսակետը
Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ լինել այս շատ դժվար պահին: 12 տարի անց առաջին անգամ կայացավ Վրաստանի նախագահի այցը Մոլդովա, և նման այցն ակնհայտորեն առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրների հարաբերությունների համար,- այս մասին Մոլդովայի նախագահ Մայա Սանդույի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Այսօր այն ֆոնին, ինչ կատարվում է Եվրոպայում, ինչ է կատարվում Ուկրաինայում, շատ դժվար է սկսել խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին։ Մեզ համար, ձեր երկրի, Վրաստանի համար այսօր գլխավորն այն է, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, այն, ինչ տեղի էր ունենում այսօր առավոտյան, ամենադաժան գործողությունները, որ Ռուսաստանը կատարում է Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության դեմ։ Կիևի ռմբակոծությունը, քաղաքացիների նկատմամբ նման կոշտ գործողությունները՝ այս ամենը անընդունելի է ժամանակակից աշխարհում, Եվրոպայում, մեզ համար, երկու երկրների և մեր արժեքների համար։ Մի կողմից, Ռուսաստանի ագրեսիան ոչ թե մեր օրերի արտացոլումն է, այլ անախրոնիզմ, այն խրված է այն դարում, որը պատերազմների և տոտալիտարիզմի դար էր»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը ամենամեծ սպառնալիքն է աշխարհի համար։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ։
«Ուկրաինայի պատերազմը ամենամեծ վտանգն է մեր երկրների, Եվրոպայի և, հավանաբար, ողջ աշխարհի համար։ Հետևաբար, ագրեսիան չի կարող հաղթել։ Անարդարությունը, անմարդկայնությունը չի կարող հաղթել: Մեզ համար՝ որպես օկուպացված տարածքներ ունեցող երկրի, այս մարտահրավերն էլ ավելի սուր է։ Առավել ևս այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց իր տարածքում մոբիլիզացիայի մասին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը ռուսական անձնագրեր բաժանեց մեր օկուպացված տարածքներին։ Ռուսաստանը մոբիլիզացիա է իրականացնում, որը ազդում է մեր քաղաքացիների վրա, և սա նրանց բոլոր իրավունքների խախտում է, նրանց ուժով ներքաշելով անարդար պատերազմի մեջ, որը ոչ մի կերպ իրենց պատերազմը չէ։
Ես ևս մեկ անգամ դատապարտում եմ Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի և նրա ժողովրդի նկատմամբ. Եվս մեկ անգամ դատապարտում եմ ուկրաինական տարածքների բռնակցումը Ռուսաստանի կողմից. Եվս մեկ անգամ Վրաստանի և վրաց ժողովրդի անունից ես համերաշխություն եմ հայտնում Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի դաժանության դեմ գլխավոր զենքը Ուկրաինայի նկատմամբ միջազգային հանրության ցուցաբերած աննախադեպ համերաշխությունն է։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը աշխարհին ցույց տվեց Ռուսաստանի իրական դեմքը։
«Առանձնահատուկ է Ամերիկայի և Եվրամիության արդյունավետ համերաշխությունը, որին ամբողջությամբ միանում են Վրաստանն ու Մոլդովան։ Ուկրաինայի պատերազմն այսօր Եվրոպայի համար ամենամեծ մարտահրավերն է, բայց, միաժամանակ, պետք է ասել, որ Եվրոպան այսօր տեսել է Ռուսաստանի իրական դեմքը։
Մենք անցել ենք այլ ժամանակաշրջաններ, այլ պատերազմներ, այլ օկուպացիաներ, երբ մեր գործընկերները Ռուսաստանին այլ աչքերով էին նայում և դեռ կարծում էին, որ Ռուսաստանը կարող է իրենց համար վստահելի գործընկեր լինել՝ չնայած այս գործողություններին։ Ուկրաինայի պատերազմը փոխեց այս տեսլականը, և բոլորը տեսան ռուսական ագրեսիայի իրական դեմքը և Ռուսաստանի կայսերական տեսլականն ու պահվածքը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։