Սալոմե Զուրաբիշվիլի. Արտահանման ենթակա մեր ամենամեծ ռեսուրսներից և արժեքներից մեկը մեր մշակույթն է, ինչին անհրաժեշտ է ժողովրդականացում և աջակցություն
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր այցը Վիեննա սկսեց Ավստրիայում ստեղծագործող վրացիների հետ աշխատանքային հանդիպմամբ, որին ներկա էին արվեստի և բժշկական ոլորտի ներկայացուցիչներ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Նախագահի հետ հանդիպմանը հայտնի երաժիշտներ, կոմպոզիտորներ, օպերային ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև բժիշկներ և բժշկական ոլորտում աշխատող գիտնականներ նախագահին ներկայացրեցին իրենց սեփական նախաձեռնությունները, որոնց իրականացումը կհանգեցնի Վրաստանում այդ ոլորտների զարգացմանն ու առաջընթացին .
Վիեննայում աշխատող արվեստի ոլորտի ներկայացուցիչների կարծիքով, լավ կլիներ, եթե դեսպանատան հետ համատեղ Վիեննայում ստեղծվեր վրացական մշակութային կենտրոն, որը կնպաստեր վրացական արվեստի և մշակույթի հանրահռչակմանը:
«Արտահանման ենթակա մեր ամենամեծ ռեսուրսներից և արժեքներից մեկը մեր մշակույթն է: Այս առումով, ցանկացած պետություն կդժվարանա անել այնքան, որքան ձեզանից յուրաքանչյուրը կարող է իր տաղանդով և քրտնաջան աշխատանքով: Այսօր ազատության ժամանակ է, և այդ ազատությունը թույլ է տալիս արտահայտվել: Այս հաջողությունը ձերն է, բայց նաև պետությանն է», – ասել է Վրաստանի նախագահը:
Հանդիպումը կենտրոնացած էր ուսանողների փոխանակման նոր ծրագրերի ստեղծման և ֆինանսավորման վրա, ներառյալ ԵՄ երկրներում վրացի ուսանողների ուսման վարձերի հավասարեցումը ԵՄ քաղաքացիների ուսման վարձին: Վրաստանի նախագահի խոսքով, այս հարցը կքննարկվի Եվրամիությանը Վրաստանի ոլորտային ինտեգրման համատեքստում: Բրյուսելում Դավիթ Սասոլիի հետ հանդիպման ժամանակ իր կարևորության պատճառով հարցը արդեն քննարկվել է և նախատեսվում է այդ հարցը լուծել ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրի հետ համագործակցությամբ:
Նախագահը արվեստագետներին փոխանցել է երաժշտական գրքեր: