Սալոմե Զուրաբիշվիլի. Անհրաժեշտ է մեղմացնել հռետորաբանությունը և գործընթացը տեղափոխել բանակցությունների սեղան՝ լուծում գտնելու համար
Սալոմե Զուրաբիշվիլի. Անհրաժեշտ է մեղմացնել հռետորաբանությունը և գործընթացը տեղափոխել բանակցությունների սեղան՝ լուծում գտնելու համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատում Եվրամիության միջնորդությամբ անցկացված քաղաքական երկխոսության ընթացքում հանդիպեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնին:

Նախագահը ողջունել է Քրիստիան Դանիելսոնի ժամանումը Վրաստան և ԵՄ-ի աջակցությունը բանակցություններին և երկխոսությանը:

Վրաստանի նախագահը Քրիստիան Դանիելսոնին համապարփակ տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի ընտրությունների, խորհրդարանում կուսակցությունների իրավունքների և նրանց տրամադրության տակ գտնվող օրենսդրական գործիքների վերաբերյալ:

Ինչպես նշել է նախագահը, նա կարծում է, որ Քրիստիան Դանիելսոնի այցը բեղմնավոր կլինի, և իր փորձը կօգնի կողմերին հաղթահարել ստեղծված իրավիճակը:

Քրիստիան Դանիելսոնի խոսքով, այսօր բանակցություններում ներգրավված կողմերից ավելի մեծ պատրաստակամություն կա՝ համաձայնության հասնելու համար:

Նախագահի խոսքով, գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ, չնայած կան լարվածություն մտցնելու փորձեր: Հռետորաբանությունը պետք է մեղմացվի, և գործընթացը տեղափոխվի բանակցային սեղան՝ լուծում գտնելու համար:

Ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի, չնայած այսօր առկա տարբեր դիրքորոշումներին, բանակցություններում ներգրավված կողմերին միավորում է Վրաստանի եվրաինտեգրման ձգտումը, և դա չի փոխվի: Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, ԵԱՀԿ-ն արդեն հրապարակել է ընտրությունների վերաբերյալ համապատասխան եզրակացություն, որը կասկածի տակ չի դնում ընտրությունների օրինականությունը:

Դանիելսոնի խոսքով, Վրաստանը միշտ եղել է տարածաշրջանում ժողովրդավարության և կայունության օրինակ, և այդ իրավիճակը չպետք է փոխվի, քանի որ դա բխում է Վրաստանի ազգային շահերից:

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին Վրաստանում ԵՄ դեսպան Կառլ Հարցելը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդական Մագդալենա Գրոնոն:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը: