Ռուսթավի-Թբիլիսի կապող ավտոճանապարհին ափապաշտպան և ճանապարհաշինական աշխատանքներն ավարտվել են

13:51, 18.08.2026

Օրթաճալայում՝ Ռուսթավի-Թբիլիսի կապող ավտոճանապարհին, ափապաշտպան և ճանապարհաշինական աշխատանքներն ավարտված են: Այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի մունիցիպալիտետի կառավարության նիստում:

Նրա խոսքով՝ աշխատանքներն ընթացել են հինգ ամսվա ընթացքում՝ անընդհատ ռեժիմով:

«Օրթաճալայում՝ Ռուսթավի-Թբիլիսի կապող ավտոճանապարհին, որտեղ ընթացիկ տարվա մարտի սկզբին վնասվել էր Քուռ գետի ափապաշտպան պատնեշը, իսկ երթևեկելի մասում և մայթին ճաքեր էին առաջացել, ափապաշտպան և ճանապարհաշինական աշխատանքներն ավարտված են: Խնդրի ի հայտ գալուն պես անհապաղ ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները: Վտանգից խուսափելու նպատակով նշված հատվածում ժամանակավորապես սահմանափակվել էր ավտոմեքենաների երթևեկությունը, և արտակարգ կարգով սկսվել էին վերականգնողական աշխատանքները», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով՝ իրականացված ենթակառուցվածքային աշխատանքների արդյունքում Ռուսթավի-Թբիլիսի կապող ճանապարհին տեղաշարժն ամբողջովին անվտանգ է:

«Ծրագրի շրջանակներում իրականացվել են Քուռ գետի ափապաշտպան աշխատանքներ, կառուցվել է հենասյունային հենապատ, վերականգնվել են պաշտպանիչ ճաղաշարերը, իսկ երթևեկելի մասի վնասված հատվածում անցկացվել են ճանապարհաշինական աշխատանքներ: Տեղադրվել է ասֆալտի ծածկույթ և գծանշվել է ավտոճանապարհը: Հիմա նշված հատվածում ավտոմեքենաների երթևեկությունն ամբողջովին վերականգնված է», – հայտարարել է Կախա Կալաձեն:

Աշխատանքներն իրականացրել է Թբիլիսիի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը:

Նմանատիպ