Ռուսթավելիի պողոտային հարող փողոցներում սեպտեմբերի 1-ից երթևեկության ժամանակավոր սխեմա կգործի
Ռուսթավելիի պողոտայում ընթացող վերականգնողական աշխատանքների հետ կապված՝ մայրաքաղաքի քաղաքապետարանը մշակել է ավտոտրանսպորտային երթևեկության ժամանակավոր սխեմա, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
Մայրաքաղաքի գլխավոր պողոտային հարող փողոցներում երթևեկության այլընտրանքային սխեմայի կարևորության մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել է այսօր տարածված տեսաուղերձում:
Մասնավորապես, նոր սխեմայի համաձայն՝ մի շարք փողոցներում կսահմանվի երկկողմանի երթևեկություն, ինչպես նաև մշակվել է երկու հիմնական ուղղություն, որոնցով հնարավոր կլինի հասնել Թբիլիսիի դասական գիմնազիա:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Ռուսթավելիի պողոտայի վերականգնումը կլինի լավագույն նախագիծը, որով բոլորը կհպարտանան, սակայն մինչ այդ անհրաժեշտ է, որ մայրաքաղաքի բնակչությունը համբերատարությամբ մոտենա աշխատանքներով պայմանավորված անհարմարություններին:
«Մի քանի օր առաջ խոսեցի այն մասին, թե որքան կարևոր է մեր քաղաքի համար նշված նախագծի իրականացումը, ինչպես նաև խոսեցի Ռուսթավելիի պողոտայի կարևորության մասին՝ նրա անցյալի, ներկայի և ապագայի, թե որքան ծանր վիճակ է և ինչպիսի խնդիրներ կան ստորգետնյա ենթակառուցվածքների տեսանկյունից: Առաջինը, ինչ արվում է, իհարկե, ստորգետնյա հաղորդակցությունների (կոմունիկացիաների) փոխարինումն է, որն ուղեկցվում է շատ մեծ անհարմարությամբ՝ հատկապես տեղաշարժման տեսանկյունից, ինչպես նաև աղմուկով ու փոշով, ինչը անհանգստացնում է այնտեղ բնակվող բնակչությանը, սակայն այս մասշտաբի աշխատանքների իրականացումն այլ կերպ աբսոլյուտապես անհնար է: Ըստ այդմ, իմ խնդրանքն էր, որ բոլորս միասին պետք է համբերենք մինչև նոյեմբերի վերջ, և հավատացեք ինձ, երբ վերականգնումն ավարտվի, սա կլինի լավագույն նախագիծը, և բոլորս կհպարտանանք կատարված աշխատանքներով», – նշել է Կախա Կալաձեն:
Նրա խոսքով՝ երթևեկության ժամանակավոր սխեմայի մասին տեղեկատվությունը հատկապես կարևոր է վարորդների համար, հետևաբար տեսանյութի տեսքով այն սոցիալական հարթակներից բացի կտարածվի նաև հեռուստատեսությամբ, որպեսզի լայն հասարակայնությունը լիարժեք տեղեկատվություն ունենա նորությունների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է երթևեկության ժամանակավոր սխեմային, սեպտեմբերի 1-ից Պավլե Ինգորոկվայի փողոցում հնարավոր կլինի երկկողմանի երթևեկություն. երկկողմանի երթևեկությունը թույլատրելի է դառնում նաև Ապրիլի 9-ի փողոցի մի հատվածում՝ Ինգորոկվա փողոցի խաչմերուկից մինչև Զուրաբ Ժվանիայի փողոցի խաչմերուկ եղած ճանապարհահատվածում. Ժվանիա փողոցի որոշակի հատվածում (Ապրիլի 9-ի փողոցի խաչմերուկից մինչև Զաքարիա Ճիճինաձե փողոցի խաչմերուկ) հնարավոր կլինի երկկողմանի երթևեկություն, իսկ մինչև Բեսիկի փողոցի խաչմերուկ տեղաշարժը կլինի միակողմանի:
Բացի այդ, Բեսիկի փողոցի հատվածը, մասնավորապես՝ Ժվանիա փողոցի խաչմերուկից մինչև Շևչենկո փողոցի խաչմերուկ, կլինի միակողմանի, ինչպես նաև միակողմանի երթևեկություն կլինի Շևչենկո փողոցում՝ Բեսիկի փողոցից դեպի Ճիճինաձե փողոցի ուղղությամբ. Լերմոնտովի փողոցում տեղաշարժը դարձյալ կլինի միակողմանի, սակայն փոխված ուղղությամբ՝ հնարավոր է դառնում Քիքոձե և Մաչաբելի փողոցներից Լերմոնտովի փողոցով հասնել Շալվա Դադիանի փողոց:
Թբիլիսիի դասական գիմնազիա հասնել հնարավոր կլինի երկու հիմնական ուղղությամբ: Մասնավորապես, վարորդները Ազատության հրապարակից Լեոնիձեի և Ինգորոկվայի փողոցներով կկապվեն Ապրիլի 9-ի փողոցին, այնուհետև թեքվելով ձախ՝ կանցնեն Ժվանիայի փողոց և շարժումը կշարունակեն դեպի Բեսիկի և Շևչենկոյի փողոցներ: Ինչպես նաև՝ ինչպես Ճոնքաձեի, այնպես էլ Պոլիկարպե Կակաբաձեի փողոցից կանցնեն Մթածմինդայի փողոց և Արսենայի փողոցով կկապվեն Բեսիկի և Շևչենկոյի փողոցներին:
Շևչենկո փողոցից թեքվելով ձախ՝ հետադարձը հնարավոր կլինի Ժվանիայի, Ապրիլի 9-ի և Ինգորոկվայի փողոցների միջոցով, որտեղից վարորդները Լեոնիձեի և Քիքոձեի փողոցներով կկապվեն Լերմոնտովի և Դադիանիի փողոցներին, ինչպես նաև Ազատության հրապարակին. Մթածմինդայի վերին փողոցներ հասնելը թույլատրելի կլինի Ապրիլի 9-ի փողոցից՝ Արսենայի փողոցի միջոցով:
Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: