Ռուսթավելի պողոտայում ցույցն ավարտվել է
Ռուսթավելի պողոտայում ցույցն ավարտվել է: Տեղում աշխատում է մաքրման ծառայությունը։ Տարածքում երթեւեկությունը մասամբ վերականգնվել է։
Հանրահավաքի մասնակիցներից մի քանիսը ողջ գիշեր գտնվել են Ռուսթավելի պողոտայում։ Նրանք բարիկադներ էին կանգնեցրել և գտնվում էին օպերայի շենքի հարևանությամբ։
Ոստիկանության միջոցառումներից հետո ցուցարարները շարժվեցին դեպի մետրո «Ռուսթավելի» կայարանի շրջակայք։ Քաղաքացիներին հատուկ ձայնային ազդանշանով զգուշացրել են և հորդորել ցրվել։ Իրավապահներն արհեստական բարիկադներից ազատել են օպերայի շրջակայքը։ Հանրահավաքի մի քանի մասնակիցներ ձերբակալվել են։
Գիշերվա ընթացքում իրավիճակը Ռուսթավելի պողոտայում մի քանի անգամ լարվել է։ Հանրահավաքի մասնակիցները պիրոտեխնիկա և տարբեր առարկաներ են նետել իրավապահների վրա, արհեստական բարիկադներ կանգնեցրել, տարբեր առարկաներ հրկիզել։
Բացի այդ, իրավապահները հանրահավաքի մասնակիցների դեմ պարբերաբար կիրառել են հատուկ միջոցներ, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։ ՆԳ նախարարությունը ջրցան մեքենաներից օգտվելուց առաջ հատուկ ձայնային ազդանշանով զգուշացրել է քաղաքացիներին և կոչ արել ցրվել։
Գերատեսչությունը մի քանի անգամ պաշտոնական հաղորդագրություն է տարածել եւ հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել անօրինական գործողություններ չանել եւ ենթարկվել իրավապահների ցուցումներին։