Ռուստեմ Ումերով - Եռակողմ հանդիպման առաջին օրը արդյունավետ էր, կենտրոնացած գործնական լուծումների վրա, զեկույց ենք պատրաստում Վլադիմիր Զելենսկիի համար
Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների առաջին օրն ավարտվել է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակ Դիանա Դավիթյանը։
Նրա խոսքով՝ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 5-ին։ Ռուստեմ Ումերովն ինքը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է, որ աշխատանքը եղել է բովանդակալից և արդյունավետ՝ կենտրոնացած կոնկրետ քայլերի և գործնական լուծումների վրա։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի խոսքով՝ եռակողմ հանդիպումից հետո բանակցային գործընթացը շարունակվել է աշխատանքային խմբի ձևաչափով։ Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունն այժմ զեկույց է պատրաստում երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ներկայացնելու համար։
«Ինձ հետ միասին Ուկրաինայի պատվիրակության կազմում էին Կիրիլ Բուդանովը, Դավիթ Արախամիան, Սերգեյ Կիսլիցան, Անդրեյ Գնատովը, Վադիմ Սկիբիցկին և Ալեքսանդր Բևզը։ Խորհրդակցություններին մասնակցել են Սթիվ Վիտկոֆը, Ջարեդ Քուշները և Ջոշ Գրունբաումը ամերիկյան կողմից, ինչպես նաև Դանիել Դրիսկոլը և գեներալ Ալեքս Գրինկևիչը։ Ռուսական կողմը ներկայացված էր բարձր ռազմական մակարդակով։ Աշխատանքը բովանդակալից և արդյունավետ էր, կենտրոնացած կոնկրետ քայլերի և գործնական լուծումների վրա։ Մենք զեկույց ենք պատրաստում նախագահ Վլադիմիր Զելենսկու համար», – գրել է Ումերովը սոցիալական ցանցերում։
Տեղեկատվության համար՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-24-ին։