Ռուսաստանում ասում են, որ դիվերսանտները փորձել են հատել ռուսական տարածքը, սակայն սահմանը չեն խախտել
Ռուսաստանում ասում են, որ դիվերսանտները փորձել են հատել ռուսական տարածքը, սակայն սահմանը չեն խախտել

Կուրսկի շրջանի նահանգապետն ասում է, որ դիվերսանտները փորձել են հատել Ռուսաստանի սահմանը, սակայն նրանք չեն ճեղքել սահմանը։

Ռոման Ստարովոյտն այս մասին պատմում է տեսաուղերձում։ Տեսանյութում նա նշում է, որ անցած գիշերը խաղաղ չի եղել, շրջանը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։

Նրա խոսքով՝ առավոտից հարձակում է եղել Տետկինո բնակավայրի վրա։ Նահանգապետի խոսքով՝ վիրավորվել է տեղի մեկ բնակիչ։

Սահմանը ճեղքելու փորձը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ «Մոսկվայի ժամանակով ժամը 03։00-ին քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ինտենսիվ կրակից հետո դիվերսանտները տանկերով և մարտական ​​զրահատեխնիկայով փորձել են ներխուժել Ռուսաստանի տարածք՝ միաժամանակ երեք բնակավայրերի տարածքում։ Գերատեսչությունում նշում են, որ «կանխվել է պետական ​​սահմանի խախտումը, իսկ հակառակորդը զգալի կորուստ է կրել»։

Հիշեցնենք, որ այսօր սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Կուրսկի և Բելգորոդի շրջաններում ուկրաինական կողմից կամավորների մի քանի խմբեր հատել են ռուսական սահմանը։ Մասնավորապես, «Ռուսաստանի ազատություն» լեգեոնը հրապարակել է մի քանի տեսանյութ, որոնցում իր անդամները պնդում են, որ հատել են Ռուսաստանի սահմանը։ Կուրսկի շրջանում տեղի ունեցած բախումների մասին գրել են նաեւ ռուս զինվորական բլոգերները։