Ռուսաստանում՝ Իրկուտսկի մարզում, ժանտախտից 28-ամյա կին է մահացել
Ռուսաստանում՝ Իրկուտսկի մարզում, ժանտախտից 28-ամյա կին է մահացել։ Ստացիոնարը, որտեղ մահացել է պացիենտը, տեղափոխվել է կարանտինային ռեժիմի։ Բժշկական հաստատությունը դադարեցրել է նոր պացիենտների ընդունումը և եղածների դուրսգրումը։
Տարածաշրջանային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածը, հավանաբար, աշխատել է լաբորատորիայում, որտեղ սեպտեմբերի 25-ին վնասվել է ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը։ Այնուամենայնիվ, այս վարկածը պաշտոնական գերատեսչությունները չեն հաստատում։
Վարակվածի հետ շփման մեջ գտնված մոտ 200 մարդ գտնվում է դիտարկման տակ։ Նրանցից 189-ը տեղափոխվել է երեք տարբեր բժշկական հաստատություններ։
Մարզի նահանգապետի հայտարարության համաձայն՝ այս փուլում մեկուսացման մեջ գտնվողների լաբորատոր հետազոտության արդյունքները բացասական են, և նրանց մոտ հիվանդության նշաններ չեն նկատվում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանում ժանտախտի դեպք վերջին անգամ գրանցվել է 2016 թվականին։