Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին

Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ փոխանակել են ռազմագերիներին։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ուկրաինա է վերադարձել 207 մարդ։

Մյուս կողմից, Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ազատ արձակված 195 զինծառայողի մասին և պնդում, որ Ուկրաինային է փոխանցվել նաև 195 գերի։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ազատված ուկրաինացիների թվում կան Մարիուպոլի պաշտպաններ, զինվորականներ, որոնք գտնվում էին Զմեյինի կղզում, ինչպես նաև զինվորներ, որոնք կռվել են Դոնեցկի, Զապորոժիայի, Լուգանսկի, Սումիի, Խարկովի և Խերսոնի ուղղություններում։

Կիևը, սակայն, չի նշել Ռուսաստանին հանձնվածների թիվը։

Տեղեկության համար նշենք, որ Բելգորոդի մոտ ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումից հետո սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինան և Ռուսաստանը գերիների փոխանակում են կատարում։ Ռուսական կողմը պնդում է, որ արդյունքում մահացել է 65 ուկրաինացի գերի, որոնց ծրագրվում էր փոխանակել։