Ռուսաստանն ու Չինաստանը եւս մեկ համատեղ զորավարժություն կանցկացնեն սեպտեմբերին
Ռուսաստանն ու Չինաստանը սեպտեմբերին կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ «Հյուսիս/Փոխգործակցություն 2024» կոչվող զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների ռազմական և ռազմածովային ուժերը և ավիացիան։ Զորավարժությունները կանցկացվեն Օխոտսկի և Ճապոնիայի ծովերում և նրանց օդային տարածքում։
Չինաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների նպատակը «ռազմավարական համագործակցության ամրապնդումն է եւ սպառնալիքներին համատեղ դիմադրությունը»։
Նման զորավարժություններ անցկացվել են 2023 թվականի հուլիսի 20-23-ը Ճապոնական ծովում։ Այս տարվա ամռանը Ռուսաստանի ռազմածովային ուժերն արդեն մասնակցել են Չինաստանի հետ համատեղ «Ծովային համագործակցություն – 2024» զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել Չինաստանի հարավային ափերի մոտ։
Վերջին տարիներին Չինաստանն ու Ռուսաստանը սերտացել են, և այդ համագործակցությունը կոչվում է «անսահման ուժեղ»։ Միաժամանակ, Արեւմուտքը քննադատում է Չինաստանին եւ պնդում, որ Պեկինը աջակցում է Մոսկվային ուկրաինական հակամարտությունում։