Ռուսաստանին բռնակցված Սեւաստոպոլում հայտարարեցին սննդամթերքի ու վառելիքի գնման սահմանափակումների մասին, իսկ ավելի ուշ՝ «նահանգապետը» հանեց սահմանափակումները
Ռուսաստանին բռնակցված Սեւաստոպոլում հայտարարեցին սննդամթերքի ու վառելիքի գնման սահմանափակումների մասին, իսկ ավելի ուշ՝ «նահանգապետը» հանեց սահմանափակումները

Ղրիմի կամրջի պայթյունից հետո Ռուսաստանին բռնակցված Սևաստոպոլի նշանակված ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է, որ քաղաքում սննդամթերքի և վառելիքի գնման սահմանափակումներ են մտցվելու՝ արհեստական ​​աժիոտաժը կանխելու համար։

Ինչպես նշել է Ռազվոժաևը, մեկ մարդ կկարողանա գնել միայն երեք կիլոգրամ կամ երեք փաթեթ մեկ կոնկրետ ապրանքից։ Կսահմանափակվի նաեւ մեծ քանակությամբ բենզինի վաճառքը:

Նրա խոսքով, քաղաքում բենզինի պաշարը բավարարում է ընդամենը 40 օր, շաքարավազը՝ 23 օր, ալյուրը՝ 27 օր։

Ռազվոժաևը, սակայն, ասել է, որ քաղաքը կտրված չէ մայրցամաքից և կա ցամաքային միջանցք։

“Պահպանեք հանգստություն: Խուճապի մի մատնվեք»,- գրել է Ռազվոժաևը «Telegram» ալիքում։

Նշված հայտարարությունից հետո, Սեւաստոպոլի «նահանգապետ» Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է, որ ապրանքների նկատմամբ սահմանափակումները հանվել են։

Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Ղրիմում 50 հազար զբոսաշրջիկ կա։ Նրանց, ովքեր պատրաստվում էին լքել թերակղզին, հորդորել են մնալ Ղրիմում, և այդ ծախսը հոգալու է տեղական բյուջեն։

Ռուսաստանի իշխանությունները հայտարարում են, որ մոտ ապագայում ծրագրում են լաստանավային անցում կառուցել Ռոստովի մարզից դեպի բռնակցված Ղրիմ։ Միաժամանակ լաստանավեր են պատրաստվում թերակղզուց ուղեւորներ տեղափոխելու համար։

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո կամրջի մի մասը փլուզվել է, ինչի պատճառով Ղրիմի կամրջով ճանապարհային ու երկաթուղային երթեւեկությունը դադարեցված է։