Ռուսաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը պաշտոնական այցով ժամանել է Պեկին։ Ինչպես գրում է ռուսական պաշտպանական գերատեսչութունը, նախատեսված են Բելոուսովի բանակցությունները Չինաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ռազմական խորհրդի շենքում կայացել է ռուսական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը։
Բելոուսովի այցը տեղի է ունենում այն ֆոնին, երբ ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու մեջ։
Պեկինը չի միանում Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին և շարունակում է ակտիվ առևտուրը Ռուսաստանի հետ։ Երկու երկրներն ասում են, որ ռազմական ոլորտում համագործակցությունը խորանում է։ Չինաստանը պաշտոնապես չեզոք դիրք է գրավում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, և արևմտյան երկրները կասկածում են, որ Պեկինը աջակցում և օգնում է Մոսկվային։ Ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել էր, որ Պեկինը զգալի ներդրում ունի ռուսական պաշտպանական արդյունաբերության աջակցության գործում։ Մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Չինաստան և հանդիպել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ։ Չինաստանը Բրազիլիայի հետ միասին միջազգային հանրությանը առաջարկում է իր սեփական ծրագիրը՝ վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին, որը ենթադրում է ռազմական հակամարտության փաստացի սառեցում։