Ռուսաստանի կողմից Դնեպրոպետրովսկի շրջանում անօդաչու սարքերով հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել

11:14, 29.04.2025

Ռուսաստանի կողմից Դնեպրոպետրովսկի շրջանում անօդաչու սարքերով իրականացված հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, զոհվածը 12 տարեկան աղջիկ է, վիրավորների թվում կա նաև 6 տարեկան երեխա։

Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Ռուսաստանը հարվածել է բնակելի տանը։

«Փլատակների տակ երեխաներ կային։ Տեղի բնակիչները կարողացել են ինքնուրույն փրկել մեկ երեխայի, սակայն 2012 թվականին ծնված աղջիկը, ցավոք, մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին», – ասվում է հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, ռուսական անօդաչու սարքերի բեկորների ընկնելու հետևանքով Կիևում մեկ մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել հանգստյան բազայի եռահարկ շենքում։

Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 100 անօդաչու սարք։ Դրանցից 37-ը ոչնչացվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, իսկ 47-ը չեն հասել նպատակակետին և կորել են։

Օկուպացիոն ուժերի հարձակման հետևանքով վնասվել են Դնեպրոպետրովսկի, Կիևի, Խարկովի և Դոնեցկի շրջանները

Նմանատիպ