Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է «BRICS»-ի գագաթնաժողովը, որին, բացի անդամ երկրներից, մասնակցում են Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջին դեմքերը
Ռուսաստանի Կազան քաղաքում մեկնարկել է «ԲՐԻԿՍ»-ի գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Ռուսաստան էին ժամանել Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հարավային Աֆրիկայի առաջնորդները։
BRICS-ի գագաթնաժողովին կմասնակցեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահի վարչակազմի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ գագաթնաժողովում մանրամասն քննարկվելու է ընդհանուր ֆինանսական համակարգը։
Կրեմլի մամուլի խոսնակի խոսքով՝ «ԲՐԻԿՍ»-ի ընդլայնման թեման Կազանի գագաթնաժողովի օրակարգում չկա, սակայն այդ հարցը կքննարկվի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջնորդները Կազանի գագաթնաժողովում պետք է կարևոր որոշումներ կայացնեն ասոցիացիայի շրջանակներում համագործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու համար։
«BRICS»-ը միջպետական ասոցիացիա է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կազմակերպությանը միացել է 2011 թվականին: 2024 թվականի սկզբից BRICS-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։