Ռուսաստանի հատուկ գործողությունը ձգձգվել է, Ուկրաինայում փաստացի պատերազմ է. Ալեքսանդր Լուկաշենկո
Ռուսաստանի հատուկ գործողությունը ձգձգվել է, Ուկրաինայում փաստացի պատերազմ է,- այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ ինքն ամեն ինչ անում էր, որ պատերազմ չսկսվեր: Սակայն այժմ Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը ձգձգվեց։
«Պատերազմը մեզ համար կտրականապես անընդունելի է։ Մենք ամեն ինչ արեցինք և հիմա էլ ամեն ինչ անում ենք, որ պատերազմ չլինի։ Իմ շնորհիվ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ սկսվեցին։ Ես գիտեմ Ռուսաստանի դիրքորոշումը: Ես գիտեմ, թե ինչ է առաջարկում Ռուսաստանը Ուկրաինային: Ընդ որում, Ուկրաինան, որի տարածքում իրականում ընթանում է պատերազմը, չի պատերազմում, շահագրգռված չէ՞ բանակցություններով։ Սա այլ հարց է»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ասել է նաև, որ միջուկային զենքի օգտագործումն անթույլատրելի է։
«Միջուկային զենքի օգտագործումն անթույլատրելի է։ Հատկապես, որ դա տեղի է ունենում մեր մոտակայքում։ Մենք այստեղ ենք և ոչ թե օվկիանոսից այն կողմ, ինչպես ԱՄՆ-ն է: Դա նույնպես անընդունելի է, քանի որ միջուկային զենքի կիրառումը կարող է ուղեծիր դուրս բերել Երկիրը, և մենք թռչելու ենք անհայտ ուղղությամբ։ Ուստի անթույլատրելի է։ Կարող է արդյոք Ռուսաստանը օգտագործել այդ զենքերը, դուք պետք է հարցնեք Ռուսաստանի ղեկավարությանը», – ասել է Լուկաշենկոն։