Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կկայանա այսօր Ստամբուլում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա այսօր Ստամբուլում: Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, իսկ ռուսականը՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Ռուսական կողմն արդեն ժամանել է Ստամբուլ և ասում է, որ աշխատանքային տրամադրություն ունի։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերի միջև հանդիպումը նախատեսված է ժամը 13:00-ին Ստամբուլի «Չիրագան Պալաս» հյուրանոցում։
Հիշեցնենք, որ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Ստամբուլում մայիսի 16-ին և տևել է մոտ երկու ժամ: Արդյունքում կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ, որը համարվում է պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ փոխանակումը: Երկրորդ փուլում երկու կողմերն էլ կքննարկեն հրադադարի վերաբերյալ իրենց տեսլականը: Մեդինսկու գլխավորությամբ Ռուսաստանը պատրաստել է «խաղաղության հուշագիր», մինչդեռ Ուկրաինան կներկայացնի իր սեփական ծրագիրը։