Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմին է հայտնվել ադրբեջանական կողմի լուրջ մտահոգությունն ու խիստ բողոքը, որոնք կապված են վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության մեդիա-տեղեկատվական տարածքում Ադրբեջանի Հանրապետության, ադրբեջանցի ժողովրդի և երկրի ղեկավարության դեմ արված սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների հետ։
Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել 2026 թվականի օգոստոսի 13-ին նախագծերից մեկի շրջանակում եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում Ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության վերաբերյալ արված հայտարարությունների վրա։ Բացի այդ, նշվել է օգոստոսի 7-ին «Սպուտնիկ ռադիոյի» եթերում հնչած հայտարարությունը՝ Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանում ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում» ընդգրկելու մասին, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube-ում և օգոստոսի 16-ին Spas TV-ի եթերում Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորական նյութերի և սադրիչ հայտարարությունների կրկնակի հրապարակումը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ ընդգծվել է, որ անընդունելի են Ադրբեջան պետության ներքաղաքական գործընթացներին հնարավոր միջամտության վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև ադրբեջանցի ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության դեմ ֆիզիկական բռնության կոչերը։
Նշվել է, որ չնայած ադրբեջանական կողմից նմանատիպ գործունեության դադարեցման և տարբեր քաղաքական մակարդակներում այս հարցի քննարկման վերաբերյալ բազմաթիվ կոչերին, նման հռետորաբանության շարունակումն ավելի կոշտ ձևով լուրջ մտահոգության առարկա է։